Twitter-ում Հռոմի պապի միկրոբլոգի լսարանն արդեն իսկ ունի 6 միլիոն օգտատեր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Twitter-ում Հռոմի պապի միկրոբլոգի լսարանը հասել է 6 միլիոն օգտատիրոջ: Այս մասին այսօր հայտնել է Վատիկանի ռադիոն:
Հռոմի պապի միկրոբլոգը մատչելի է 9 լեզվով՝ լատիներեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերեն ու արաբերեն: Վերջին շաբաթներին հատկապես աճում է իսպաներեն ու պորտուգալերեն տարբերակների լսարանը:
Փորձագետները դա բացատրում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջիկա բրազիլական այցով, որտեղ նա հուլիսի 23-28-ին Ռիո դե Ժանեյրում պետք է պատարագ մատուցի Երիտասարդության համաշխարհին օրվա մասնակիցների համար:
@Pontifex միկրոբլոգը, որում Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը 2012 թվականի դեկտեմբերի 12-ին թողել էր իր առաջին գրությունը, ժամանակավորապես փակվել էր փետրվարի 28-ին, երբ նա լքեց իր պաշտոնը:
Հռոմի նոր պապի ընտրվելու օրն այդ միկրոբլոգում հայտնվեց լատիներենով հետևյալ հաղորդագրությունը՝ Habemus Papam FRANCISCUM (Մենք ունենք պապ Ֆրանցիսկոս): Հռոմի նորընտիր պապը @Pontifex-ում իր առաջին հաղորդագրությունը տեղադրել է մարտի 17-ին, երբ դրա լսարանը կազմում էր 3.3 միլիոն օգտատեր: