Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը օբյեկտիվ է և արտացոլում է Հայաստանում ստեղծված անմխիթար իրավիճակը

Հայաստանի քաղաքագետների միության վարչության հայտարարությունը

«Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը քննության առնելով Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա ՝ 2012 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերվող դրույթները, արձանագրում է դրանց բացառիկ օբյեկտիվությունը, Հայաստանի դատաիրավական պրակտիկայում տեղ գտած մարդու իրավունքների ոտնահարման երևույթների ճշգրիտ արտացոլումը, իրավիճակը փոխելու ուղղությամբ անհրաժեշտ և հրատապ քայլերի բնութագրությունը: Զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ շարունակում է մնալ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ջահակիրի սկզբունքային դիրքերում և վճռակամ է քաղաքացիական իրավունքները ոտնակոխ անող օրինազանց վարչախմբերին կարգի հրավիրելու գործում:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ կառավարությունը պետք է ամբաստանյալի հարցման հիման վրա տրամադրի հասարակական դատապաշտպան, սակայն շատ դեպքերում հրաժարվում է դա անել: Այդպես եղավ նաև Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՝ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում, ում դեմ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ նա պատգամավորության թեկնածու էր, իշխանությունները կազմակերպեցին սադրանք և հարուցեցին քրեական գործ:

Այն բանից հետո, երբ քաղաքացիների կամքով ԱԺ պատգամավոր ընտրված Հմայակ Հովհաննիսյանը դատաիրավական համակարգի գործի դրմամբ իրականացվող քաղաքական հալածանքի պատճառով ստիպված եղավ հրաժարվել պատգամավորի մանդատից, հանրային պաշտպանի գրասենյակը հրաժարվեց նրան տրամադսրել հասարակական դատապաշտպան:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ դատավորները վերահսկում են «վկաների ցուցակը» և փաստաբաններին որոշ դեպքերում թույլ չեն տալիս դատարան հրավիրել վկաներին, որոնք, նրանց կարծիքով, ապացույցներ ունեին, և դրանք կարող էին օգտակար լինել իրենց պաշտպանյալի համար:

Ճիշտ այդպես վարվեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, մերժելով Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված գործով մի շարք կարևորագույն վկաների դատակոչելու վերաբերյալ նրա դատապաշտպանի միջնորդությունները:

Մերժվեց նաև Հմայակ Հովհաննիսյանի միջնորդությունը քրեական գործի հիմքում ընկած միջադեպի տեսագրությունը, որը «տուժողի» կողմից տեղադրված էր Youtube-ում և բազմաթիվ լրատվական կայքերում, ճանաչել իրեղեն ապացույց և քննարկել դատաքննության ընթացքում: Դատավորը անհիմն մերժեց նաև դեպքի վայրի զննություն իրականացնելու մասին ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը, քանի որ դեպքի տեսագրության հետ մեկտեղ տեղանքի զննությունն աներկբա ապացուցում են Հմայակ Հովհաննիսյանի անմեղությունն ու քննվող քրեական գործի 1937 թվականի ոգով կեղծ մատնության վրա հիմնվելու իրականությունը:
«Քրեական գործով» հետապնդման անվան տակ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրականացվող քաղաքական հալածանքը, ինչպես նաև 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո թխված նման կարգի այլ դատական գործերը, ցույց են տալիս, որ այսօր գործող ՀՀ Սահմանադրությունը հաշվի չի առնում երկրում դե – ֆակտո գոյություն ունեցող դատաիրավական պրակտիկան: Երբ ընտրարշավի ընթացքում պատգամավորության թեկնածուի շտաբի մուտքը արգելափակվում է, նրա դեմ կազմակերպվում է սադրանք, իսկ հետո սկսվում է դատական հետապնդում, անձը պետք է ապահովագրված լինի քաղաքական հալածյալի սահմանադրորեն ճանաչված կարգավիճակով:

Վերջերս Եվրոպայի Խորհրդը քայլեր կատարեց այդ խնդրի պարզաբանման ուղղությամբ: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, քանզի բոլոր հետխորհրդային կիսաամբողջատիրական երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այսօր քրեական գործերի հարուցման անվան տակ իրականացվում են 1937 թվականի ոգով քաղաքական հաշվեհարդարներ: Հիշենք, որ քաղաքական հալածյալներին և քրեականներին նույն խցերում պահելու պրակտիկան գալիս է Գուլագի ժամանակներից: Արևմուտքը չպետք է անտեսի մեր օրերում սաղմնավորվող հետխորհրդային «մինիգուլագները», ինչպես ժամանակին չնկատեց ստալինյան մեծ Գուլագը. միայն տարիներ անց Ալեկսանդր Սոլժենցինի բացահայտումների շնորհիվ իմացավ կատարված մեծագույն ողբերգության մասին:

Չարիքը պետք է արմատախիլ անել դրա սաղմնավորման փուլում, իսկ դրա համար անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրել քաղաքական հալածյալի և քրեականի տարբերակումը, սահմանել քաղաքական հալածյալի հատուկ կարգավիճակը և այդ կարգավիճակից բխող նրա իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքները:

Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ կառավարությունը հետամուտ կլինի այս կարևորագույն խնդիրների լուծմանը, դրանք առաջին պլան կմղի ՀՀ ներկայիս վարչախմբի հետ փոխհարաբերություններում: Վստահ ենք, որ այդ սկզբունքային դիրքորոշումը կխորացնի Հայաստանի քաղաքացիների անկեղծ համակրանքը ԱՄՆ քաղաքական ղեկավարության հանդեպ, կնպաստի այդ երկրի հեղինակության ամրապնդմանը հայ ժողովրդի աչքերում:

Մայիսի 2-ին առավոտյան ժամը 9:30-ին Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հմայակ Հովհաննիսյանի դեմ դատաքննությունը: Հրավիրվում են իրավապաշտպանները, լրագրողները, բարի կամքի բոլոր մարդիկ: Հմայակ Հովհաննիսյանը ցուցմունքներ կտա, ինչին կհաջորդի նրա վերջին խոսքը: Եթե հաշվի առնել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում բերված խայտառակ վիճակագրությունն առ այն, որ 2012 թվականին միայն 1,5 տոկոս են կազմել արդարացման դատական վճիռները, եթե հաշվի առնել այս գործի վարչախմբի կողմից պատվիրված լինելը, ապա բոլոր հիմքերը կան կանխատեսելու դրա Եվրադատարան հասնելու հեռանկարը»:

Տեսանյութեր

Լրահոս