
Վարդան Օսկանյան. Ցուցակի առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ

Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած հարցազրույց-ասուլիսին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը չհամաձայնեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այն տեսակետին, որ ԲՀԿ-ն պառակտված է:
«Բացարձակապես այդպիսի բան չկա, կուսակցությունը շատ կուռ է, ամուր է, կուսակցության ներսում իսկապես շատ մեծ խանդավառություն կա, հատկապես երբ տեսնում ենք դրական արդյունքները»,- ասաց Օսկանյանը:
Նա նույնիսկ կարծիք հայտնեց, թե այն «կորուստը», որը ԲՀԿ-ն ունեցել է նախագահական ընտրություններում չառաջադրվելու պատճառով, լավ է խոսում կուսակցության մասին, քանի որ եթե մի կուսակցություն չի առաջադրվում ընտրություններում, և ժողովուրդն անտարբեր է մնում դրա նկատմամբ, դա կուսակցության մասին լավ բան չի խոսում:
«Ինչ վերաբերում է նրան` քաղաքապետն ո՞վ կլինի, միայն իմ որոշումից հետո կարելի է այլ թեկնածու ունենալ, դա այդպես է: Ցուցակի առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ, մնացածն արդեն երկրորդական է»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը: