Թուրքիայի փոխվարչապետը մտադիր է հանդիպել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացուցիչ, փոխվարչապետ Հուսեին Չելիքը մտադիր է այցելել Հյուսիսային Իրաք:
Այստեղ նա պլանավորել է հանդիպումներ ունենալ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ու վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Բացի այդ, Չելիքն այցելելու է տարածաշրջանում գտնվող թուրքական դպրոցներ:
Նա չի բացառել, որ Մասուդ Բարզանիի հետ կարող է քննարկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը և քրդերի հետ տարվող խաղաղության գործընթացը՝ հավելելով, որ իր այցն ուղղված չէ այդ խնդիրների լուծմանը:
Նա ընդգծել է, որ տվյալ հարցում Թուրքիայի ու քրդական ինքնավարության միջև հարաբերությունները ցայժմ եղել են կառուցողական. «Անկեղծ ասած, նրանք նույնպես ցանկանում են, որ վերջ տրվի այդ ամենին: Խնդրի լուծումը կլինի նաև նրանց օգտին:
Նրանք նույնպես շատ մտահոգ են, որ իրենց երկիրը կարող է վերածվել ահաբեկչության կենտրոնի ու ապաստարանի:
Քրդստանի տարածաշրջանային կառավարության համար ճիշտ կլինի PKK-ին ընդունելը: Եթե հասնենք այս խնդրի լուծմանը, ապա Թուրքիան լքողների համար պետք է տեղ լինի, ուր և կհեռանան նրանք: Էլ ո՞ւր կարող են գնալ նրանք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասուդ Բարզանին խոստացել էր բնակատեղի և աշխատանք հատկացնել Թուրքիան լքող քուրդ զինյալներին: