Բաժիններ՝

«Ոչ մի բողոք չունեմ, ոչ մի պահանջ չունեմ». բանդայի գործով վկա

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «բանդայի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Վալերի Մանվելյանը: Վկան դատարանում ասաց, որ  ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին չի ճանաչում: Նա պատմեց, որ իր Մերսեդես մակնիշի ավտոմեքենան 2011-ի օգոստոսին վաճառել է մի տղայի, սակայն պայմանավորվել է նրա հետ, որ գումարը մինչև վերջ վճարելուց հետո միայն այն կգրանցվի նրա անունով: Նա ասաց, որ մեքենան վաճառել է 10.000 դոլարով, սակայն ստացել է միայն 6000 դոլարը:

Մեղադրողի հարցին՝ արդյոք փնտրե՞լ է մեքենայի գնորդին՝ մնացած գումարը ստանալու համար, վկան պատասխանեց. «Որտե՞ղ փնտրեմ, եթե ես տեսնում եմ հեռուստացույցով իմ մեքենան տենց բաների մեջ»: Վկան ասաց, որ հեռուստացույցով տեսել է, որ իր մեքենայով ինչ-որ մարդիկ են կալանավորվել:

Banda-dat (4)

Վկան դատարանում ասաց, որ ոչ մի բողոք, ոչ մի պահանջ չունի: Պատասխանելով գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ վկան իր ավտոմեքենայի համար վճարված գումարի մյուս մասը չի պահանջում, Վալերի Մանվելյան պատասխանեց, որ  դրա լուծումը չի տեսնում:

Կարդացեք նաև

Պատասխանելով գործով մեղադրողի հարցին՝ արդյոք հիշո՞ւմ է այն անձի անունը, ում վաճառել է իր ավտոմեքենան, վկան ասաց, թե չի հիշում: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ նախաքննության ընթացքում վկան նշել էր, որ իր ավտոմեքենան վաճառել է Դավիթ անունով մի տղայի, ապա հարց ուղղեց վկային՝ արդյոք այդ անունը նրան ինչ-որ բան հիշեցրե՞ց: Վկա Վալերի Մանուկյանը պատասխանեց, որ այդ պահին ոչինչ չհիշեցրեց:

Banda-dat (3)

Պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին՝ վկա՞ն է հիշել իրենից մեքենա գնած անձի անունը, թե՞ քննիչն է հիշեցրել, Վալերի Մանուկյանը պատասխանեց, թե չի հիշում: Դատարանում, նայելով մեղադրյալ Դավիթ Գալստյանին, վկան ասաց, որ ո՛չ բացառում է, ո՛չ էլ հաստատում է, որ հենց նա է եղել իր մեքենան գնողը: Հարցին՝ կա՞ն բաներ, որոնք նախաքննության ընթացքում քննիչն է ասել, որ ինքը գրի, վկան պատասխանեց. «Ինչ որ գրված է, գրված է իմ կողմից, իմ խոսքով, դրա տակ էլ ստորագրված է»:

Դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ դատարանի ուղարկած հարցումների ընթացքում պարզ է դարձել, որ գործով վկաներ Լիլյա Հովհաննիսյանը, Գուժ Աղաբեկյանը, Աշոտ Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն: Հետևաբար, գտնելով, որ նրանց հարցաքննությունը հնարավոր չէ իրականացնել, դատարանը գտավ, որ պետք է հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները: Վկա Լիլյա Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից  պարզ դարձավ, որ նրանց՝ Արմենակյան հասցեում գտնվող բնակարանը ժամանակ առ ժամանակ տրվել է վարձակալությամբ: 2011-ի օգոստոսի կեսերին այն տրամադրվել էր 3 երիտասարդի: Նույն թվականի սեպտեմբերին նա տեղեկացել էր, որ ոստիկանները խուզարկում են տունը, որի արդյունքում՝ իրենց տնից հայտնաբերվել են զենքեր: Իսկ  խուզարկության ավարտից հետո ինքը բնակարանից փամփուշտներով լի  տոպրակ և տեսաերիզ է գտել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս