Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել 15.000 պետծառայողի աշխատանքից հեռացնելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի խորհրդարանն անցած գիշեր հավանության է արժանացրել մի շարք օրենքներ:
Դրանցից մեկով նախատեսվում է արագացնել պետծառայողներին աշխատանքից հեռացնելու ընթացակարգը և մրցույթ հայտարարել մի շարք մասնագիտությունների հարցում ընտրություն կատարելու համար:
Դա սպառնում է հետագա երկու տարում 15.000 չինովնիկի կրճատմամբ: Դա արվում է ԵՄ-ի, Եվրոպական Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով: Այդ պահանջի բավարարումը հանդիսանում է Հունաստանին 8.8 միլիարդ եվրո միջազգային օգնություն հատկացնելու նախապայմաններից մեկը:
Տվյալ բարեփոխումն արդեն իսկ հարուցել է արհմիությունների դժգոհությունը: Քվեարկության ժամանակ խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները հանդես են եկել պետծառայողներին աշխատանքից ազատելու դեմ:
Նրանք կարծում են, որ դա, ի թիվս այլ խնդիրների, կհանգեցնի գործազրկության աճին, որի մակարդակն արդեն իսկ գերազանցել է երկրի աշխատունակ բնակչության 27 տոկոսը:
Մյուս օրենքներն առնչվում են հարկային պարտավորությունների մարմանը և սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարումներին, անշարժ գույքի վրա դրված հարկին: Դրանց աջակցել է 300 պատգամավորից 168-ը: