Թուրքական բեռնանավը կործանվել է Միջերկրական ծովում
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական «Փիրի Ռեիս» բեռնանավը Միջերկրական ծովի հունական հատվածում բախվել է մեկ այլ բեռնանավի: Թուրքական նավի խորտակման հետևանքով անհետ կորել է անձնակազմի 10 անդամ:
Ընդհանուր առմամբ, բեռնանավում գտնվել է 17 մարդ: «Փիրի Ռեիսը» բախվել է ConSouth-ի հետ, որը նախնական տվյալներով՝ երթևեկել է Անտիգուա և Բարբուդայի դրոշով: Այդ նավը լուրջ վնասվածքներ չի ստացել և նրա 16 հոգանոց անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ:
Հիշեցնենք, որ Փիրի Ռեիսը 15-16-րդ դարերի օսմանյան հայտնի ծովակալ և քարտեզագիր է: Որոշակի տվյալներով՝ նրա կազմած քարտեզում նշված է նաև Անտարկտիդան, թեև այն հայտնաբերվել է շատ ավելի ուշ: