Ինչո՞ւ է պետք թեյ խմել
Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է, որն ունի նաև առողջարար հատկություններ: Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում: Նրանք թեյը համարում էին տոնուսը բարձրացնող խմիչք, որը դադարեցնում էր ծերանալու պրոցեսները, վերականգնում էր երիտասարդությունը և կենսունակությունը, երկարացնում կյանքը: Այդ պատճառով էլ միայն ազնվականները կարող էին թեյ խմել, և նրանք երկար ժամանակ գաղտնի էին պահում թեյի մոգական հատկանիշները: Թեյի գիտական անվանումը Camellia Sinensis է: Թեյը գնահատում են՝ ըստ համի և հոտի: Թեյի համուհոտը պայմանավորված են նրանում առկա թաննիներով (tannin): Շուկայում թեյի գինը պայմանավորված է տերևների չափսով, կտրվածքով, մնացորդներով:
Թեյի օգտակար հատկությունները
Աղիների թուլություն: Շնորհիվ նրանում պարունակվող թաննինի` սև թեյն օգնում է բուժելու աղիների խանգարումը: Նրանց, ովքեր տառապում են աղիների խանգարումով՝ խորհուրդ է տրվում կում-կում ըմպել սև թեյ:
Ասթմա: Տաք հեղուկները և գարեջրային խմիչքները հայտնի են ասթման մեղմելու հատկությամբ: Նմանապես սև թեյը նույնպես թեթևացնում է ասթման, քանի որ այն մեծացնում է օդի հոսքը` ասթմատիկ հիվանդներին թույլ տալով ավելի հեշտությամբ շնչել:
Մարսողական խնդիրներ: Սև թեյը հարուստ է թաննինով և այլ քիմիական նյութերով, որոնք ունեն դրական և հանգստացնող ազդեցություն օրգանիզմի մարսողական համակարգի վրա: Նրա հակաբորբոքային հատկություններն օգնում են բուժելու մարսողական բոլոր խնդիրները:
Բարձր խոլեստերին: Հետազոտությունները պարզել են, որ սև թեյն իջեցնում է վատ խոլեստերինը: Վատ խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով է առաջանում սրտի ինֆարկտը: Ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են 3-4 բաժակ սև թեյ, ավելի քիչ են հակված ինֆարկտի, քան նրանք, ովքեր թեյ չեն խմում:
Քաղցկեղ
Բազմաթիվ գիտական հետազոտություններ պարզել են, որ թեյը հարուստ է այնպիսի պոլիֆենոլներով, ինչպիսին են կատեխինները (catechins), որոնք առկա են թեյի ֆլավոնոիդների մեջ, և որոնցով էլ պայմանավորված է թեյի հոտը: Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա լյարդի, աղիների, հաստ աղիքի, երիկամի, կրծքի և թոքերի քաղցկեղը: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինը կասեցնում են քաղցկեղածին բջիջների առաջացումը:
Կրծքի քաղցկեղ: Սև կամ կանաչ թեյի օգտագործումը կանխում է նախակլիմաքսի շրջանում կանանց մոտ կրծքի քաղցկեղի ձևավորումը: Դաշտանի ընթացքում թեյը բարձրացնում է գլոբուլին հորմոնների մակարդակը: Թեյի մեջ պարունակվող թեաֆլավինները ոչնչացնում են մարմնի ոչ նորմալ բջիջներին, նախքան նրանք կվնասեն այլ բջիջներին կամ կվերածվեն քաղցկեղի բջիջների:
Հակածերացման հատկություններ
Ինչպես ապացուցել են չինացիները՝ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսները: Դրանք թույլ չեն տալիս, որ ազատ ռադիկալներն օքսիդացման հետևանքով ազդեն արյան շրջանառության, մարսողական, շնչառական ֆունկցիաների և նյարդային համակարգի վրա: Այս հակաօքսիդանտներն արդյունավետ կերպով չեզոքացնում են ազատ ռադիկալներին: Կանաչ թեյը կամ սպիտակ թեյը, որին ավելացնում են լիմոն կամ լիմոնի հյութ, շատ ավելի օգտակար է համարվում առողջության համար: Թեյը նաև թույլ չի տալիս, որպեսզի տարիքի հետ ի հայտ գան մակուլոդիստոֆիան, տեսողական խնդիրներ, մկանների թուլացում և այլ խնդիրներ:
Դեպրեսիա և հոգնածություն
Թեյը մեծ հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոցներ են: Թեյը վերացնում է հոգնածությունը, թարմացնում է ուղեղը և հավասարակշռում տրամադրությունը: Եթե ցանկանում եք վանել քունը, ապա մի հապաղեք և խմեք մեկ բաժակ թեյ: Թեյի մեջ առկա L-Theanine ամինաթթուն ավելացնում է ուղեղի զգոնությունը:
Տենդ, ինֆեկցիաներ և իմունային համակարգ: Թեյի մեջ առկա թաննինը և կոֆեինը հակաինֆեկցիոն միջոցներ են, որոնք ունեն հիանալի հակամիկրոբային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ: Դա նրանից է, որ բոլոր ալկալոիդները` թաննինը, կոֆեինը, նիկոտինը և ստրիկտինը, թույներ են, որոնք սպանում են կենդանի բջիջները: Եթե դրանք օգտագործվեն մեծ չափաբաժնով, կարող են ճակատագրական համարվել մարդու կյանքի համար: Սակայն, եթե օգտագործենք փոքր չափաբաժնով, ապա կոչնչանան միայն միկրոբները: Թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ամրացնում են իմունային համակարգը, մեղմում տենդը և կանխում ինֆեկցիաները:
Լնդեր և ատամներ: Թաննինը տտիպ հատկություն ունի, և, եթե թեյը խմում են առանց շաքարի, այն չեզոքացնում է բերանի խոռոչում գտնվող թթուները, ոչնչացնում միկրոբները: Թեյը թույլ չի տալիս նաև, որ լնդերը թուլանան, հեռանան ատամներից:
Առողջ և ամուր մազերի համար: Թաննինը կանխում է մազաթափությունը, ամրացնում է մազարմատները: Շատ մարդիկ լողանալուց հետո մազերը ցողում են սև թեյի թուրմով, որպեսզի դրանք ամրանան և ձեռք բերեն առողջ փայլ:
Շաքարախտ և մարսողություն: Թեյն արագացնում է մարսողությունը, որի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է: Նման կերպ այն էներգիա է քաղում և օգնում շաքարախտով հիվանդներին:
Մաշկը և մկանները: Թեյի տտիպ հատկությունները բարձրացնում են մաշկի տոնուսը և ավելի երիտասարդ տեսք հաղորդում արտաքինին:
Այլ հատկություններ: Թեյը թեթևացնում է սթրեսը, այն նաև ժամանակավոր հանգստացնում է պրկված նյարդերը և լավ զգացողություն հաղորդում օրգանիզմին:
Զգուշացում: Թեյը կարող է օրգանիզմի համար կախվածություն ստեղծել: Այն մարդիկ, ովքեր սովորության համաձայն՝ օրական խմում են 4-5 բաժակ թեյ, թեյի բացակայության դեպքում զգում են թուլություն, էներգիայի պակաս: Թեյն առաջացնում է նաև թթվայնություն: Թեյի մեջ առկա թանինը և կոֆեինը կարող են վնասել լյարդը և թոքերը: Թեյի այս վնասակար ազդեցությունը կարելի է նվազեցնել նրան ավելացնելով լիմոն, լիմոնի հյութ կամ կաթ: Թեյը նաև սպանում է ախորժակը: Քնելուց առաջ չպետք է թեյ խմել, քանի որ այն կառաջացնի անքնություն և գլխացավ: Հիշեցնենք, որ լանչից կամ ճաշից հետո խորհուրդ չի տրվում թեյ խմել, քանի որ այն դանդաղեցնում է մարսողությունը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ