«Հայ» և «մահմեդական ահաբեկչություն» արտահայտություններն այժմ այլևս սերտորեն կապված են իրար
Հարցազրույց Սորբոնի Քաղաքագիտության դոկտոր, ամերիկաբնակ Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ (Նյու Յորք)
– Այս օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչների հետևում կարող է ազգությամբ հայ «Միշա» անունով մեկը կանգնած լինել, որ մահմեդականություն ընդունած հայ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Կարծում եմ` լավագույն մեկնաբանությունը կարող է տալ Հետաքննությունների դաշնային բյուրոն, բայց այլ մեկնաբանությունների կարիք այս հանգամանքը նույնպես զգում է: Ո՞վ է այդ Միշան և ի՞նչ է իրենից ներկայացնում. Այս հարցը արդեն մեկ շաբաթ ամենաքննարկվող թեման է ամերիկյան հեռուստաեթերում, և դրա պատասխանները դեռևս չկան, թեև` ամեն օր մի փոքրիկ հավելյալ տեղեկություն է հայտնվում եթերում: Համենայնդեպս` այս հետաքննության մեջ այդ Միշայի անձն ամենամեծ հանելուկն է, որի շուրջ այժմ պտտվում է ամերիկյան ողջ մամուլի հետաքրքրության առանցքը:
– Իսկ ինչպե՞ս է ընկալվում փնտրվողի ազգային ծագման հանգամանքն ամերիկյան հասարակության կողմից:
– Միշայի անձի մասին առաջինը խոսեց ահաբեկիչ եղբայրների հորեղբայրը` Ռուսլան Ցարնին, որ առավել ինտեգրվելու նպատակով ամերիկանացրել է իր ազգանունը: Ցարնին առաջինն էր, որ ելույթ ունեցավ իր եղբորորդիների մասին հայտարարությամբ, և այդ ողջ ընտանիքից միակն էր, որ խստորեն դատապարտեց նրանց հրեշավոր արարքը: Միաժամանակ` Ցարնին, որ ակնհայտորեն մեկուսացված է այդ ընտանիքից` այնքան կատաղիորեն էր փորձում դատապարտել և այնքան հուզական էր եթերում, որ նրա վարքագիծն անկեղծության առումով կարող էր որոշակի կասկածներ հարուցել և, որ ամենակարևորն է` դրանում անառարկելիորեն նկատվում էր մեծ ջանք և եռանդ` իր անձը և հեղինակությունը փրկելու համար: Ցարնին հայտարարեց, որ 2007թ.-ից ի վեր կապ չունի եղբոր ընտանիքի հետ, իսկ երկրորդ հարցազրույցում արդեն խոսեց այն մասին, որ տեղյակ է, որ վերջերս Թամերլանը` ավագ եղբայրը, ընկել էր մեկի ազդեցության տակ, որ հայ հավատափոխ է և մահմեդականություն է ընդունել: Ցարնին անմիջապես նաև բացատրեց, որ հայերը չեչենների հետ գրեթե հարևան ժողովուրդ են, և, որ ինքը ոչինչ չունի հայերի դեմ, բայց կրկին ընդգծեց, որ իր տվյալներով` հենց այդ հայն է իր եղբորորդիներին ռադիկալացման ուղու վրա կանգնեցրել:
Ցարնիի հայտարարությունն այնքան ազդեցիկ էր և հիշվող, որ բոլոր լրատվամիջոցներն անմիջապես կենտրոնացան դրա վրա, և ամերիկյան ազգային խոշոր հեռուստաալիքների եթերը, որոնցով «հայ» կամ «Հայաստան» բառերը հնչում են, թերևս, լավագույնը տարին մեկ անգամ և այն էլ՝ մեկ վայրկյան, հեղեղվեցին հայերի հետ կապված այդ ամոթալի և կասկածելի հիշատակմամբ: Երեկ արդեն ահաբեկիչ եղբայրների մայրը հանդես եկավ` հաստատելով Ցարնիի խոսքերը, և մանրամասներ հաղորդեց, ըստ որոնց` արմատական իսլամի ճանապարհին իրեն և իր զավակներին հենց այդ Միշան է կանգնեցրել:
Ամերիկյան CNN-ի եթեր գնաց միայն այդ հարցազրույցը, իսկ Ռուսաստանում Ցարնաևների հրավիրած մամուլի ասուլիսը, որի ժամանակ նույն կինը հայտարարեց, որ այդ հայն Ադրբեջանից պատերազմի ժամանակ է արտագաղթել և դեռ այնտեղ է մահմեդականություն ընդունել` երեկվա դրությամբ անհայտ մնաց ամերիկյան հեռուստալսարանին: Պետք է նկատի ունենալ, որ Բոստոնի ահաբեկչությունը սեպտեմբերի 11-ի արհավիրքից հետո ԱՄՆ կյանքում ամենախոշոր նման իրադարձությունն է, որ իր վրա է սևեռել ամերիկյան հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը: Եվ նրանք, որոնք ընդհանրապես հայերի մասին ոչինչ չգիտեին` այսինքն բացի Քալիֆոռնիա, Մասաչուսեթս և Նյու Յորք նահանգների բնակչության մի հատվածից` գրեթե մնացած բոլոր ամերիկացիները, այժմ «հայ» բառն ակամայից կապելու են իրենց և իրենց երկրի դեմ իրականացված սարսափելի ահաբեկչության հետ:
– Իսկ ի՞նչ կարելի է անել:
– Այն, ինչ կարելի էր անել` չարվեց: Եվ դա ամենակարևոր հարցն է: Երբ մեկ շաբաթ առաջ այս պատմությունը հայտնվեց մամուլում` ես հայկական կողմից արձագանքին էի սպասում: Սակայն ականատես եղանք միայն լռության: Հաջորդ երկու օրերին մամուլը մի փոքր անտեսեց այս թեման, բայց չորս օր առաջ պատմությունը նոր թափ ստացավ: Իսկ այն` ինչ հայտնվում է ամերիկյան եթերում և տպագիր մամուլի էջերում, երբեք չի իջնում այդ էջերից` մինչ չեն սպառվում բոլոր մանրամասներն ու ուղեկցող հանգամանքները:
Դա նշանակում է, որ հայերի նեգատիվ հիշատակումն ամերիկյան մամուլում չի դադարելու, և դրանում ամերիկյան մամուլը որևէ մեղք չունի: Խոշորագույն և ամենապոպուլյար հեռուստահաղորդումները` Anderson Cooper 360 (CNN America & CNN International), Pierce Morgan Live (փոխարինում է Larry King-ին) – (CNN America & CNN International), Erin Burnett Upfront (CNN America), MSNBC, ABC, CBS և այլ ազգային ալիքներով օրական տասնյակ անգամներ հնչում են «հայ մահմեդական», «ահաբեկիչ», «ռադիկալ», «ահաբեկիչներին դրդող», «հայազգի Միշա» արտահայտությունները և պարզ ամերիկացիների կողմից` հայերի ընկալման վրա դրանց թողած ավերիչ ազդեցության աստիճանի մասին կարելի է միայն կռահել: «Հայ» և «մահմեդական ահաբեկչություն» արտահայտությունները, որ թվում է` որևէ կապ չեն կարող ունենալ միմյանց հետ` այժմ արդեն` գոնե այս պահի դրությամբ՝ սերտորեն ամրագրված են շարքային ամերիկացու գիտակցության մեջ:
Երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես եկավ հաղորդագրությամբ, որ ահաբեկիչները ծագումով չեչեններ են` որոշ անգրագետներ ինտերնետում չեչեններին սկսեցին շփոթել չեխերի հետ: Դա մի հանգամանք է, որ չեխերին դժվար թե ինչ-որ առումով բարոյական վնաս հասցներ, բայց ԱՄՆ-ում Չեխիայի դեսպանը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որով սաստեց այդ փոքրաթիվ խմբին, աշխարհագրության դաս տվեց և պահանջեց տարբերակել Չեխիան Չեչնիայից: Իրենց հերթին` հյուսիսկովկասյան մահմեդական ահաբեկիչների խմբավորումները հանդես եկան հայտարարությամբ` որ իրենք մասնակից չեն Բոստոնյան ահաբեկչությանը: Այսինքն` անգամ ահաբեկիչները, որ միշտ ուրախ են պատասխանատվություն ստանձնելու` պաշտոնապես փորձեցին իրենց անունը հեռու պահել Բոստոնյան մարաթոնից: Մինչդեռ Հայաստանը, որի քաղաքացիների և ազգային էթնոսի անունը կապվում է այս ոճրագործության հետ` բացառիկ ամորֆություն է ցուցաբերում: Դա անհասկանալի է: Անհասկանալի և աններելի:
Եթե, Երևանի կարծիքով` այս խնդիրն անուշադրության մատնելն ամենաճիշտ ճանապարհն է թեման բնական մարման տանելու` ապա դա, մեղմ ասած, թյուրընկալ հաշվարկ է: Իսկ եթե այս խնդիրն անկարևոր է թվում Երևանին, ապա պետք է այլևս դադարեցնել ցեղասպանության մասին գեղեցիկ ճառերն ու միջոցառումները, հայ մշակույթի, ազգային եկեղեցու և կրոնի մաքրության և ազգային բացառիկության մասին քարոզները միջազգային հարթակներում և CNN-ի ու EuroNews-ի եթերներից մերթընդմերթ հեռարձակվող գովազդային հոլովակները: Դրանք, գոնե ԱՄՆ մասով, այլևս կարելի է անտեղի և անպիտան համարել:
Ընդամենը մեկ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ հայերը բացառապես քրիստոնյա են, և մահմեդականություն ընդունելը, եթե այդպիսի դեպք կա, ծայրահեղ եզակի երևույթ է, խորթ է ազգային մենթալիտետին և ոչ մի կերպ չի կարող արտացոլել հայերի ընդհանուր կերպարը կամ կապ ունենալ Հայաստանի հետ` բավարար կլիներ: Մինչդեռ լռությունը, հաճախ լինելով համաձայնության նշան, թույլ է տալիս մամուլին իրավաբար տարածելու այն տեղեկատվությունը, որ կա իր տրամադրության տակ, իսկ պարզ քաղաքացիներին` դրանից հետևություններ անելու: Դա մեր հայրենիքի կողմից կարևորագույն մի հարցի հանդեպ դրսևորվող անփույթ, ամորձատված, անդեմ և անարժանապատիվ մոտեցման վկայություն է, որ հայաստանյան տուրիզմի, հայերի և հատկապես ամերիկահայերի ու ԱՄՆ-ում բնակվող հայաստանցիների համար լրջագույն հետևանքներ կարող է ունենալ:
– Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը:
– Ինչպես բարոյական, այնպես էլ կենցաղային և պրակտիկ: Ինչպիսի՞ն կարող է լինել հայաստանցիների վերաբերմունքը մի ազգի նկատմամբ, որին լավ կամ ընդհանրապես չես ճանաչում, և որի ինչ-որ ներկայացուցիչ քո երկրում` քո ժողովրդի դեմ ահաբեկչություն է հրահրում: Ի՞նչ դրոշներ էին այրվում Երևանի փողոցներում, երբ Հունգարիայի կառավարությունը արտահանձնեց ոճրագործ Սաֆարովին: Եվ դա բավական այլ սցենարի պարագայում: Ամերիկացիներն առավել հանդուրժող են, սակայն շարքային քաղաքացիների մոտ ներքին տրամադրվածության փոփոխությունը ամենևին չի կարելի բացառել, և դա հասկանալի ու օբյեկտիվ հանգամանք է: Ինչ վերաբերում է պրակտիկ կողմերին` ապա դրա մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: Կռահելը դժվար չէ: Ամերիկյան պետական ապարատը չափազանց մեծ կառույց է, և այդ կառույցում ոչ բոլորն են ծանոթ հայոց պատմությանն ու հայկական մշակույթի և կրոնի առանձնահատկություններին:
– Իսկ հայկական համայնքը փորձո՞ւմ է այդ առումով ինչ-որ քայլեր ձեռնարկել:
– Ողբերգությունը հենց նրանում է, որ ինչ-որ փոքրիկ, աննշան պարզաբանումներ հենց հաճախ իր գրագիտությամբ չփայլող և հաճախ չկազմակերպված համայնքն է փորձում տալ: Երբ բրիտանական BBC-ն, որ աշխարհի ամենահեղինակավոր հեռուստաընկերությունն է` զանգահարում է ոչ այլ ուր` քան Բոստոնի հայկական եկեղեցի, և եթերում հայերի մեծիմասամբ քրիստոնյա լինելու վերաբերյալ բացատրություն տվողն էլ երեցկինն է` իրավիճակն այլ կերպ, քան առավել քան ամոթալի` դժվար է բնորոշելը: Երեկ Անդերսոն Քուփերի` ամերիկյան փրայմ-թայմի ամենաազդեցիկ լրագրոներից մեկի հաղորդման ժամանակ ծագումով հայ հայտնի փաստաբան Մարկ Գերագոսը, որ բախտի բերմամբ CNN-ի պաշտոնական հրապարակախոսներից մեկն է` մի քանի վայրկյան այլ թեմայով իրեն հատկացված խոսքը տրամադրեց խիստ զայրացած` բացատրելուն, որ հայերը քրիստոնյա են, որ դա եզակի երևույթ է, և, որ բավական է այլևս հայերի անունը` խիստ կասկածելի այդ հորեղբոր խոսքերի հիման վրա այդ դեպքի հետ ասոցիացնելն ու կրկնելը, և որ դա վիրավորանք է ողջ հայ ազգին, որ ցեղասպանության է ենթարկվել մահմեդական թուրքերի կողմից, և այլն: Սակայն Գերագոսի զայրույթն արդարացված չէր, որովհետև ամերիկյան մամուլը, ինչպես ասացի, մեղավոր չէ:
Մեղավոր են նրանք, ովքեր պարտավոր էին իրենք այդ խնդրում հստակություն մտցնելու և, թերևս` այդ զայրույթն, առաջին հերթին՝ հենց նրանց էր ուղղված: Մյուս կողմից` Գերագոսի խոսքերն, անշուշտ, բավարար չեն, և Գերագոսը չի ներկայացնում հայերին, հայաստանցիներին կամ Հայաստանը: Եվ, երբ թեկուզ հայտնի, բայց, այնուամենայնիվ, փաստաբանը միակն է, որ ստանձնում է ամերիկյան ազգային ալիքով մեկ-երկու վայրկյանում մի ամբողջ ժողովուրդ և պետություն ակամա վարկաբեկումից փրկելու պատասխանատվությունը, դա լուրջ ախտանիշ է: Ժամանակն է, որ ցուցադրական, կեղծ, տեսողական և լսողական զգայարանների վրա հիմնված հայրենասիրություն, ֆուտբոլի ազգային հավաքականապաշտություն, «Շարմ հոլդինգի» թողարկած պաթետիկ և զավեշտալի հոլովակամոլություն քարոզելու փոխարեն` գործենք գոնե այնտեղ, որտեղ ոչ միայն պետք է գործել, այլ որտեղ անգործությունը հանցավոր անփութության է հավասար, և որտեղ այդ ապաշնորհության համար վճարվող գինը շատ բարձր է լինելու:
Լուսանկարը` Գերման Ավագյանի