Եվրամիությունը ՀՀ-ում դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել
Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սատու Կոյվուն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ից՝ փոխարինելով առաքելության արդեն նախկին ղեկավար Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն Ֆինլանդիայի ոստիկանության ավագ սպա է։ Նա ազգային և միջազգային մակարդակներում ավելի քան 35 տարվա փորձ ունի։ Կայվուն միջազգային լայնածավալ փորձ է ձեռք բերել ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում գործունեություն ծավալած ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում։
Կոյվուն առաքելության ղեկավար նշանակվելուց առաջ աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում` որպես Էսպոո քաղաքի ոստիկանության կադրերի բաժնի ղեկավար։
«Քաղաքացիական առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչ է։ Առաքելության նպատակն է վերահսկել և զեկուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին և նպաստել այդ տարածքներում անվտանգությանը»,-ասված է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց կողմերը պարտավորվում են միմյանց պետական սահմանին այլ երկրների ուժեր չտեղակայել։



