Բաժիններ՝

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։

«Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին, այդ թվում՝ կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական, կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր շահին, իսկ սեփականությունից զրկումը՝ որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- ընդգծում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված կայուն իրավական դիրքորոշումներով ևս հաստատվում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկը, որի սահմանափակումը, ինչպես նաև սեփականությունից զրկումը հնարավոր է բացառապես օրենքով ամրագրված կարգով և պայմաններով։

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ թեև անձն օրենսդրորեն ձեռք է բերում կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող օրենսդրության կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը` ստեղծելով իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար զրկվում է իրեն հասանելիք կենսաթոշակից:

Խնդրին բախվում են բազմաթիվ քաղաքացիներին, որոնցից շատերը` հարցին լուծում գտնելու նպատակով, դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս