Նոր Նորքի միջադեպով հետաքննությունն ավարտված է, սակայն գործ դեռ չի հարուցվել
ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Նոր Նորքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպի հետաքննությունն ավարտված է: Հետաքննության արդյունքում ձեռք բերված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին` քննությունը շարունակելու համար, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել:
Ապրիլի 23-ին, Նորքի 7-րդ զանգվածում «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, անհայտ անձինք քաշքշել էին, հարվածել և թույլ չէին տվել նկարահանումներ կատարել` նրա ձեռքից վերցնելով տեսախցիկը: Միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չէր միջամտել և չէր փորձել կանխել միջադեպը:
Հիշեցնենք, երեկ, հիմնվելով ծառայողական քննության արդյունքների վրա, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգապահական տույժերի մասին որոշում էր ընդունել: Ոստիկանի անմիջական ղեկավարին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: