Աստղիկ Գևորգյանը չի ճանաչում լրագրողին հարված հասցրած ավագանու անդամ «Տուրբոյին»
Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աստղիկ Գևորգյանը մամուլից է իմացել ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ օրերս ilur.am լրատվական կայքի լրագրողի նկամամբ ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանի հարձակման մասին:
«Ես խստորեն դատապարտում եմ յուրաքանչյուր ոտնձգություն, անկիրթ պահվածք, ահաբեկչություն, ոչ վայելուչ պահվածք, էլ ուր մնաց թե հարձակում: Ոչ մեկին իրավունք չի տրվում խոչընդոտելու լրագրողի մասնագիտացված գործունեությանը, ոչ մեկին, ով էլ դա լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աստղիկ Գևորգյանը` հավելելով, որ երկրի բարձրագույն իշխանությունները մշտապես դատապարտել են նման դեպքերը, այդ մասին անգամ խոսել են նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Աստղիկ Գևորգյանը լրագրողներից հետաքրքվեց՝ արդյո՞ք Աշոտ Պապայանը ՀՀԿ անդա՞մ է: Ի պատասխան, լրագրողներն ասացին, որ Աշոտ Պապայանը ոչ միայն ՀՀԿ անդամ է, այլ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ով նաև ընդգրկված է մայիսի 5-ին կայանալի Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակում:
«Չեմ ճանաչում, չեմ էլ իմացել, որ ավագանու անդամ է»,- ասաց տիկին Գևորգյանը`հավելելով, որ եթե նա այդպիսի բան է թույլ տվել, արդեն իր մասին կարծիքէ ձևավորվում: Նկատենք, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն ունի 35 անդամ:
Անահիտ Փիլոսյան