Բաժիններ՝

Հայաստանը կարող է ավելի արդյունավետ համագործակցել Իրանի հետ. փորձագետ

Հայաստանն Իրանի դեպքում օգտագործում է տնտեսության բնագավառում առկա ներուժի միայն 6-10 տոկոսը, կարծում է իրանագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Նվեր Դավթյանը։

«Հայաստանը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել էներգետիկ և արդյունաբերության ոլորտներում ունեցած հնարավորությունները»,– ասել է Դավթյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Ըստ նրա` ներկայում էներգետիկայի ոլորտում իրագործվող համատեղ խոշոր նախագծերից մեկը Արաքս սահմանամերձ գետի վրա երկու հիդրոկայանների կառուցումն է, որից մեկը կլինի Մեղրի քաղաքում (հայկական կողմից), իսկ մյուսը` Ղարաչիլարում (Իրան)։

Մեղրիի ՀԷԿ–ի հիմնադրման արարողությունը կայացել է 2012 թվականի նոյեմբերի 8–ին։ Ակնկալվում է, որ հիդրոկայանի հաշվարկային հզորությունը կազմում է մոտ 130 ՄՎտ, իսկ արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը` տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժամ։

Փորձագետը վստահ է, որ տվյալ նախագիծն էներգետիկայի բնագավառում երկրների միջև երկխոսության խորացման լավ հիմք է։

Դավթյանը կարծում է, որ որոշակի հեռանկարներ կան մեքենաշինության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համար, մասնավորապես, քլորոպրենային կաուչուկի վերամշակման համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար։

Ըստ նրա` Հայաստանի և Իրանի միջև կան բավականին մեծ հնարավորություններ նաև գյուղատնտեսության, ձկնաբուծության և անասնաբուծության ոլորտում փոխգործակցելու համար։ Այս առումով նա չի բացառում Հայաստանի տարածքում համատեղ անասնաբուծական ֆերմաների ստեղծումը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել անասունի գլխաքանակը, այլ նաև նվազեցնել մսի և կաթնամթերքի գինը։

«Բազմաթիվ իրանցի խոշոր ներդրողներ շահագրգռված են Հայաստանի ագրոհատվածում ներդրումներ կատարելու գաղափարով, քանի որ մեր երկիրը համարում են հուսալի և անվտանգ գործընկեր»,– նշել է նա։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հայ–իրանական արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար–փետրվարին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1 տոկսով` կազմելով 49 մլն դոլար` 2012 թվականի 49.5 մլն դոլարի դիմաց։

Միաժամանակ, Հայաստանից Իրան 2013 թվականի հունվար–փետրվարին արտահանման ծավալն ավելացել է գրեթե 15 տոկոսով` կազմելով մոտ 19.7 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 17.1 մլն դոլարի դիմաց։

Իրանից Հայաստանի ներկրված ապրանքների ծավալը 2013 թվականի առաջին երկու ամիսներին կրճատվել է 8 տոկոսով` կազմելով մոտ 32.3 մլն դոլար` նախորդ տարվա երկու ամիսների 35.1 մլն դոլարի դիմաց։

«ԱՌԿԱ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս