Վարչապետը դեռևս չի պատասխանել բնապահպաններին
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ՀՀ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս չի պատասխանել բնապահպանների նամակին:
Հիշեցնենք, որ օրերս Սիլվա Ադամյանը, «Էկոակադեմիա» հ/կ-ի նախագահ Գ. Գաբրիելյանը, «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռ. Ղազարյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նամակով դիմել էին ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանին և նրանից հանդիպում էին խնդրում:
Բնապահպանները ցանկանում էին Տիգրան Սարգսյանին ներկայացնել այն փաստերը, որոնք, ըստ նրանց, հաստատում են, որ սկսած 2005 թվականից առ այսօր «Մեգա Գոլդը» իրականացնում է բաց հանքահանություն առանց փորձաքննական դրական եզրակացության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է:
Ընկերությունը, բնապահպանների պնդմամբ, ունի միայն հանքը շահագործելու պայմանական եզրակացություն, այն էլ 2 տարվա համար, որի ժամկետն անցել է: Նշենք նաև, որ ապրիլի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի էին ունեցել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները:
Պոչամբարի կառուցման համար եզրակացություն էին տվել նաև առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Հարցին՝ ինչպիսի՞ն է եղել այս նախարարությունների եզրակացությունը, Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Մեզ թույլ չեն տվել, որ ծանոթանանք այդ եզրակացության հետ»: