Բաժիններ՝

Վրաերթ չէ, սպանություն է` գտնում է տուժող կողմը

Վրաերթի հետևանքով մահացած Նարեկ Զարգարյանի մայրը՝ իրավահաջորդ Կամելա Սաֆարյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով հանձնարարել «համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվությամբ մոտենալ իրենց պարտականություններին և ցուցաբերել մասնագիտական, այլ ոչ թե հայեցողական մոտեցում»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, ըստ որի Ալվինա Հարությունյանը վրաերթի է ենթարկել բաց նամակի հեղինակի որդուն՝ Նարեկ Զարգարյանին, և նա մահացել է: Դեռևս մինչև քրեական գործը դատարան ուղարկելը տուժողի իրավահաջորդը բազմաթիվ դիմումներ է հղել ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցով հայտնել էր, որ «քրեական գործը ճիշտ չի քննվում, անհասկանալի պատճառներով պաշտոնատար անձինք հովանավորում են Ա.Հարությունյանին և ճիշտ չեն որակում նրա կողմից կատարված հանցագործությունը»: Դիմումներին այդպես էլ ընթացք չի տրվել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դատարանում պարզվել է, որ Ալվինա Հարությունյանն իրականում կատարել է անուղղակի դիտավորությամբ սպանություն, ինչպես նաև առանց հափշտակելու նպատակի առևանգել է իրենց ավտոմեքենան: «Փաստաբանս ինձ բացատրել է, որ եթե անգամ դատավորը համոզված լինի, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, մինևնույն է չի կարող Ա.Հարությունյանի մեղադրանքը ծանրացնել, եթե մինչև գործի ավարտը դատախազը չփոխի մեղադրանքը և ճիշտ չորակի այն»,- նշում է Կ. Սաֆարյանը:

Գործի հանգամանքները հետևյալն են՝ Ալվինա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Զարգարյանների ընտանիքին պատանող և Նարեկ Զարգարյանի կողմից օգտագործվող «Համմեր» մակնիշի ավտոմեքենան առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում վարել է տվյալ պայմանների համար սահմանված առավելագույն արագությունը գերազանցող մոտ 100-120 կմ/ժ արագությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի ձախ կողնակից կառչած Նարեկ Զարգարյանը վայր է ընկել և մահացել: Այդ արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն այդ մեղադրանքն առաջադրելիս հաշվի չեն առնվել քրեական գործով պարզված մի շարք կարևոր հանգամանքներ:

Տուժողի իրավահաջորդն անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով չի անդրադառնում Ալվինա Հարությունյանի մեղավորության կամ անմեղության հարցին, բայց հաշվի առնելով, որ հայտարարվել է դատաքննության ավարտի մասին և դատարանն առաջիկայում կանցնի դատական վիճաբանությունների փուլին, տեսակետ է հայտնել, որ քրեական գործում առկա է ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Ալվինա Հարությունյանն այդ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան վարել է առանց Նարեկ Զարգարյանի թույլտվության, նրա կամքին հակառակ: Ավելին, ըստ կողմի, Նարեկ Զարգարյանը կառչել է ավտոմեքենայի ձախ կողնակից և գոռոցներով պահանջել է, որ Ալվինա Հարությունյանը կանգնեցնի ավտոմեքենան: Ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ Ալվինա Հարությունյանը հաստատապես իմանալով, որ Նարեկ Զարգարյանը կառչած է ավտոմեքենայից, որն ինքը 0.71 տոկոս ալկոհոլային խմածության վիճակում վարում է նվազագույնը 100-120 կմ/ժ արագությամբ, այն էլ մոտ 2 կմ տարածություն այդ ձմեռային սառը եղանակին, չի կանգնեցրել ավտոմեքենան կամ չի դադարեցրել դրա ընթացքը, մինչև Նարեկը Զարգարյանն ուժասպառ լինելով վայր է ընկել և մահացել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «այսպիսի արարքը լրացուցիչ որակման է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը/փախցնելը/ առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով/:

«Եթե անգամ ավտոմեքենայի վարորդը չի ցանկանում, որ դրանից կառչած անձը վայր ընկնի և մահանա, սակայն այնուամենայնիվ չի կանգնեցնում ավտոմեքենան, չի փորձում կանխել վտանգը և գիտակցաբար թույլ է տալիս, որ կառչած անձն ուժասպառ լինելով կամ այլ պատճառով վայր ընկնի և մահանա, ապա այս դեպքում գործ ունենք ոչ թե մեղքի անզգույշ ձևի հետ, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այդպիսի արարքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված և հետևաբար արարքը պետք է որակվի ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` որպես անուղղակի դիտավորությամբ կատարված սպանություն»,- նշվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակում:

Նախաքննության ընթացքում բազմիցս կողմը միջնորդել է, որ Ա.Հարությունյանին մեղադրանք առաջադրել վերոհիշյալ հոդվածներով, սակայն «այդ միջնորդություններն առանց որևէ պատճառաբանության մերժվել են»: Դատաքննության սկզբում այս նկատառումներից ելնելով նաև դատախազին բացարկի միջնորդություն է ներկայացվել՝ հօգուտ մեղադրյալի, գործի ելքով շահագրգռված լինելու հիմքով: Ըստ տուժող կողմի՝ մեղադրանքը ճիշտ չի որակվել, մեղադրողի մասնակցությունը այդ քրեական գործով դատաքննությանն արդեն իսկ բացառում է տուժող կողմի համար արդար դատաքննության իրականացումը և այդ դատաքննությունը տուժող կողմի համար ձևական բնույթ է կրում:

Տուժողի իրավահաջորդը հույս է հայտնում, որ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազն, այնուամենայնիվ, կօգտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված իր լիազորությունից և կփոփոխի առաջադրված մեղադրանքը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս