Նաիրա Զոհրաբյան. Միջադեպ կարող էր լինել, եթե չլիներ պարոն Ծառուկյանի զսպվածությունը
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներկա է գտնվել հայտնի միջադեպին, 168.am-ի հետ զրույցում ասաց, թե Գագիկ Ծառուկյանին չեն թույլատրել դուրս գալ այն ճանապարհից, որտեղից նա մուտք է գործել Ծիծեռնակաբերդ:
«Պարոն Ծառուկյանի զսպվածությունը կանխեց միջադեպը: Միջադեպ, ըստ էության, չի եղել: Միջադեպ կարող էր լինել, եթե չլիներ պարոն Ծառուկյանի զսպվածությունը: Մնացած պարզաբանումները պետքէ տա Ոստիկանությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մեր հարցին՝ եթե թույլատրել են ավտոմեքենայով մոտենալ հուշահամալիրին, հետևաբար՝ ինչո՞ւ չեն թույլատրել նույն ճանապարհով դուրս գալ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե ոստիկանների հետ երկար երկխոսություն չի եղել:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ոստիկանության աշխատողին պատիվ չի բերում նման պահվածքը և, իր կարծքով, ոստիկանությունում, հատկապես այդպիսի վայրերում հերթապահություն պետք է անցկացնեն տարրական գրագիտություն և առնվազն բարեկրթություն ունեցող մարդիկ, ովքեր պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն Անվտանգության խորհրդի անդամի, երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի հանդեպ:
«Ես` որպես պատգամավոր, ակնկալում եմ պարզաբանում ոստիկանության պահվածքի վերաբերյալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: