Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության մասին կոնֆերանսի մասնակիցները մեխակներ են նետել Տիգրիս գետը

Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս:

Դրան մասնակցել են քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լոնդոնում գործող Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության մասին «առաջին ձեռքից վկայությունները» ի մի բերած «Կապույտ գրքի» խմբագիր, պատմաբան Արա Սարաֆյանը, Դիարբեքիրի փաստաբանների կոլեգիայի նախագահ Թահիր Էլչին, Մարդու իրավունքների գրասենյակի Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին, ինչպես նաև մի շարք գրողներ ու մտավորականներ:

Կոնֆերանսի ժամանակ Սարաֆյանը հիշեցրել է, որ 1914 թվականին հայերը հանդիսացել են Օսմանյան կայսրությունում բնակվող ամենամեծ համայնքներից մեկը, նրանց թվաքանակը կազմել է շուրջ 2 միլիոն մարդ, որից մոտ 80.000-ը բնակվել է Դիարբեքիրի նահանգում:

Սարաֆյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գաղափարական նպատակը հանդիսացել է Օսմանյան կայսրության իսլամականացումն ու թուրքացումը՝ ընդգծելով, որ ամենաարյունալի իրադարձություններն ամենաշատը գրանցվել են կայսրության արևելյան նահանգներում, այդ թվում նաև Դիարբեքիրում:

Կոնֆերանսի ավարտից հետո նրա մասնակիցները Տիգրիս գետի վրա կառուցված կամրջի վրայից մեխակներ են նետել գետը՝ ի հիշատակ ցեղասպանության ժամանակ սպանված հայերի:

Տեսանյութեր

Լրահոս