Իսրայել ժամանելուց առաջ Մամեդյարովն աջակցություն է հայտնել Պաղեստինին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպել է Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար, նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ և երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները:
Բացի այդ, կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ապրիլի 21-ին էլ Մամեդյարովը հանդիպել էր Պաղեստինի ինքնավարության արտգործնախարար Ռիադ Ալ-Մալիքիի հետ:
Այդ հանդիպման ժամանակ Մամեդյարովը հայտարարել էր, որ Պաղեստինն իրավունք ունի դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ, և որ Ադրբեջանը մշտապես միջազգային կառույցներում աջակցել է Պաղեստինին: Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը հետագայում նույնպես աջակցելու է Պաղեստինին: