Ո՞ր խաղալիքներն են վտանգավոր երեխայի համար
Խաղալիքները, որոնք նախատեսված են երեխաներին ուրախություն պարգևելու համար, երբեմն կարող են հակառակ ազդեցություն ունենալ՝ վնաս պատճառել առողջությանը։ Իրավաբան.net-ը փորձել է պարզել խաղալիքների հնարավոր ռիսկերը։
* * *
Նախ նշենք, որ խաղալիք է հանդիսանում այն արտադրատեսակը կամ նյութերը, որոնք նախատեսված են մինչև 14 տարեկան երեխաների համար:
Խաղալիքներն իրենց նշանակությամբ օգտագործելու դեպքում խաղալիքներն օգտագործողները, ինչպես նաև երրորդ անձինք, հաշվի առնելով երեխաների սովորական վարքը, պետք է պաշտպանված լինեն առողջությանը վնաս հասցնելու և վնասվածք ստանալու հետևյալ ռիսկերից, որոնք`
ա) կապված են խաղալիքների դիզայնի, կառուցվածքի կամ բաղադրության հետ,
բ) հատկանշական են խաղալիքների օգտագործման համար և չեն կարող վերացվել դրանց կառուցվածքի կամ բաղադրության փոփոխմամբ` առանց խաղալիքների գործառույթները կամ հիմնական բնութագրերը փոխելու կամ դրանք հիմնական հատկանիշներից զրկելու:
Ռիսկի աստիճանը որոշելիս, որին ենթարկվում են երեխաները խաղալիքներն օգտագործելու ժամանակ, պետք է հաշվի առնված լինեն նրանց տարիքային կարողունակությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մեծահասակների կողմից հսկողության հնարավորությունը: Դա, մասնավորապես, վերաբերում է այն խաղալիքներին, որոնք ըստ չափերի, բնութագրերի և նշանակության նախատեսված են մինչև 3 տարեկան երեխաների համար:
Այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության դեպքում` խաղալիքներն օգտագործողների նվազագույն տարիքը և (կամ) խաղալիքների օգտագործման ժամանակ բացառապես մեծահասակների հսկողության ներքո գտնվելու անհրաժեշտությունը պետք է նշված լինեն դրանց մականշվածքներում և (կամ) օգտագործման հրահանգներում:
Խաղալիքների կամ դրանց փաթեթվածքներին փակցված պիտակների վրա, ինչպես նաև օգտագործման հրահանգներում պետք է տրված լինեն սպառիչ ցուցումներ խաղալիքների օգտագործման հետ կապված ռիսկի և դրա կանխման հնարավորության վերաբերյալ:
Խաղալիքների օգտագործմամբ պայմանավորված ռիսկը նվազեցնելու նպատակով դրանք պետք է ուղեկցվեն պարզ և սպառիչ ցուցումներով:
Խաղալիքները, որոնք նախատեսված չեն 3 տարեկանից փոքր երեխաների օգտագործման և կարող են վտանգ ներկայացնել 3 տարեկանից փոքր երեխաների համար, պետք է ուղեկցվեն հատուկ նախազգուշացմամբ (օրինակ` «Չի նախատեսված 3 տարեկանից փոքր երեխաների համար» կամ «Չի նախատեսված 36 ամսականից փոքր երեխաների համար» մակագրությամբ)` լրացնելով նման միջոցի կիրառման անհրաժեշտությունը պարզաբանող, ռիսկի մասին կարճ ցուցումով (կարելի է մեջ բերել քաղվածք օգտագործման հրահանգից):
«Նշված դրույթը չի տարածվում այն խաղալիքների վրա, որոնք, ըստ օգտագործման բնույթի, չափերի, բնութագրերի, հատկությունների կամ այլ էական տարրերի, ակնհայտորեն նախատեսված չեն 3 տարեկանից փոքր երեխաների համար»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Ավելացնենք նաև, որ արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում խաղալիքների իրացումն առանց համապատասխանության հավաստման:
«Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող խաղալիքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով»,-հավելեց իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net