Ինչպես են ամերիկացիները դարձել «նժդեհական»
Զարմանալի մարդիկ են ամերիկացի գիտնականները։ Ճիշտ է, անհեթեթ և անիմաստ ուսումնասիրություններ անելու առումով բրիտանացիներին չեն հասնի, սակայն աշխարհում առաջատար դիրքեր են գրավում։
Օրինակ, լուրջ գիտնականների խումբը կարող է հետազոտություն կատարել՝ պարզելու համար, թե արդյոք խավարասերներն ինչպե՞ս են շարժվում Լեդի Գագայի երգերի տակ (սա կատակ չէ)։ Կամ՝ արդյո՞ք շիկահերները մտավոր ունակություններով (IQ-ով) զիջում են սևահերներին։
Երբեմն լինում են նաև հետազոտություններ, որոնք բավականին լուրջ են թվում, սակայն դրանց անիմաստ կամ սխալ լինելը հետո է պարզվում։
Մի օրինակ բերենք, որը խորհուրդ կտանք կարդալ անգամ իրենց տնտեսագիտությունից հեռու համարող մարդկանց։
2010 թվականին տնտեսագետներ Կարմեն Ռեյնհարդը և Քեննեթ Ռոգոֆֆը հետազոտություն էին կատարել և հիմնավորել, որ պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճը դանդաղում է։ Սակայն խոսքն այս գիտնականներին չի վերաբերում, այլ ստորև նշվածներին։
Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատողները՝ Թոմաս Հերնդոնի ղեկավարությամբ, որոշել են վերարտադրել Ռեյնհարդի և Ռոգոֆֆի հետազոտության արդյունքները, սակայն` ապարդյուն. միշտ ինչ-որ բան չի ստացվել։ Ի վերջո, խումբը դիմել է հետազոտության հեղինակներին, և վերջիններս խմբին են ուղարկել Excel-ի ֆայլը` հաշվարկներով, որոնց հիման վրա կառուցել են իրենց եզրակացությունները։
Մասաչուսեթսցի գիտնականներն ուսումնասիրել են ֆայլը և պարզել, որ այնտեղ հաշվարկի սխալներ կան։ Ընդ որում, այնպիսի սխալներ, որոնք աճի դանդաղման օգտին են։ Նրանք այդ մասին հոդված են գրել՝ ապացուցելով, որ հաշվարկները ճշգրտելուց հետո պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրների աճը, բացասականի փոխարեն, ունի դրական նշան։ Այսինքն՝ պետական պարտքի բարձր մակարդակը ոչ մի բացասական ազդեցություն չունի տնտեսական աճի վրա։
Մի խոսքով, Ռեյնհարդն ու Ռոգոֆֆը խայտառակ են եղել՝ իրենց մեծարող մասնագետների հետ միասին (ի դեպ, դեռ տվյալներ չկան՝ այս գիտնականները ՀՀ սփյուռքի նախարարի կողմից պարգևատրվե՞լ են, թե՞ ոչ)։
Հիմա կհարցնեք՝ ի՞նչն է այստեղ անիմաստ։ Պատասխանենք՝ անիմաստ էր այդքան ռեսուրսներ ծախսել մի բան ապացուցելու համար, որի կենդանի ապացույցը կարելի է գտնել Հայաստանում։
Այսպես՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2008 թվականից ի վեր մի քանի անգամ աճել է և այժմ կազմում է 4.2 միլիարդ դոլար։ Սակայն, արի ու տես, որ մեր տնտեսությունը ճգնաժամային անկումից հետո սկսեց վերականգնվել և 2012 թվականին նախատեսված 4.2%-ի փոխարեն` արձանագրեց 7.1% տնտեսական աճ։ Իսկ երեկ հրապարակված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 8.7%, ինչը նշանակում է, որ այս տարի նույնպես տպավորիչ աճ կլինի։
Այսինքն՝ Ռայնհարդի և Ռոգոֆֆի սխալն ապացուցելու համար բավական էր նամակ գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրանից ստանալ ՀՀ տնտեսական հաջողությունների մասին վկայող վիճակագրական տվյալները (պարտքի հետ միասին) և «ճպպացնել» Ռայնհարդի և Ռոգոֆֆի սեղանին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ռեսուրսների ինչպիսի խնայողություն կլիներ։
Սակայն այս ամենի մեջ կա մի մեծ բայցգ Եթե Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները դիմեին ՀՀ իշխանություններին, ապա չէր բացառվում, որ վերջիններս ինչ-որ պատրվակ գտնեին և իրենց հաշվարկները չտրամադրեին անկախ գիտնականների խմբին։ Ո՞վ գիտի՝ ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ «Excel-ի սխալներ» կարող էին ջրի երես դուրս բերել՝ ՀՀ տնտեսական աճի և մյուս ցուցանիշների մասով։
Մասաչուսեթսի համալսարանի խումբն էլ Համաշխարհային բանկը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը չէ, որոնք խնդիր ունեն գովերգել իրենց խորհուրդներով շարժվող ՀՀ կառավարությանն ու «չնկատել» նրանց սխալները։ Ու չի բացառվում, որ վեր հանեին ՀՀ տնտեսական աճի և մյուս դրական ցուցանիշների իրական հիմքերը ու մի հոդված էլ հրապարակեին հայկական տնտեսության ֆենոմենի մասին։
Իսկ դա ամենևին կատակ չէ։ Օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գիտահետազոտական խումբ չունի, սակայն միայնակ ապացուցեց, որ 2012 թվականին արձանագրված 7.1% տնտեսական աճը, մեղմ ասած, շատ կասկածելի ցուցանիշ է։ Մարդը շատ հասկանալի լեզվով ներկայացրեց, որ 2012 թվականի անվանական ՀՆԱ-ն 2011 թվականի ՀՆԱ-ին գերազանցել է 5.5%-ով։ Եվ եթե դրանից հանվեր ՀՆԱ-ի դեֆլյատորը, ապա աճի ցուցանիշն ավելի ցածր պետք է լիներ 5.5%-ից։ Սակայն նախագահը հանձնարարել էր ապահովել 7% տնտեսական աճ։ Եվ մարդիկ դա ապահովելու ձևը գտել են. դեֆլյատորին բացասական մեծություն են տվել ( -1.6) և այն գումարելով 5.5%-ին՝ ստացել 7.1% աճ։ Ի դեպ, Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում բավականին մանրամասն նկարագրել է այդ «տրյուկը»։
Ավելացնենք նաև, որ պաշտոնական վիճակագրության նման «կիքսեր» մերթընդմերթ նկատում են ոչ միայն տնտեսագետները, այլ անգամ լրագրողները։
Դրա համար էլ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները որքան հեռու մնան լուրջ, անկախ հետազոտողների տեսադաշտից՝ այնքան լավ։ Ինչպես ասում են, «շառից-փորձանքից» հեռու։ Առավելևս, որ մեր կառավարության դեպքում դժվար կլիներ ապացուցել, որ գործ ունենք պարզապես «Excel-ի սխալի», և ոչ թե դիտավորության հետ։
Ավելացնենք, որ բավականին հետաքրքիր կլիներ, եթե ամերիկացի գիտնականները մի հետազոտություն էլ անցկացնեին՝ պարզելու համար, թե պատճառահետևանքային ի՞նչ կապ գոյություն ունի տնտեսական ձախողումների (ասենք՝ արտագաղթի, աղքատության կամ ներդրումների նվազման) և պետական բարձր պաշտոնը պահպանելու հավանականության միջև։
«168 ԺԱՄ»