Սա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն. մամուլ
««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին ստացել է ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը, ըստ որի՝ պետք է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանին վճարի նրա արժանապատվության գինը՝ 100 հազար դրամ, և 100 հազար էլ՝ փաստաբանական ծախսերը (թեև մարզպետը պահանջել էր 2.2 մլն դրամի փոխհատուցում)»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում.
«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը անհասկանալի տրամաբանությամբ եկել է այն եզրակացության, որ «Ժողովուրդ» օրաթերթն իրավունք չուներ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչուհի Աննա Թորոսյանի խոսքերը ձայնագրել և հրապարակել այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել:
Ստացվում է՝ օրաթերթը, որը հանդես է եկել ամբիոնի դերում, բարեխիղճ ձևով վերծանել և հրապարակել է երկու կողմերի կարծիքը, կատարել է պատժելի արարք, իսկ Ն. Պողոսյանը, որ կաշառք է վերցրել (՞) կամ Ա. Թորոսյանը, որ սուտ մատնությամբ է հանդես եկել (՞), անմեղ «հրեշտակներ» են:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարում է, որ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ ՀՀ ԱԱԾ-ն այս կաշառքի գործով ցուցաբերել են պաշտոնական անգործություն, իսկ դատարաններն էլ՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի (այստեղ վարույթ չընդունեցին «Ժողովուրդի» բողոքը), կայացրել են անարդար որոշում՝ պատժելով օրաթերթին: Սա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն»: