
ՀՅԴ-ն և «Նախախորհրդարանը» կմասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի վաղվա միջոցառմանը

«Այս պահին արդեն որոշում ունենք մասնակցության: Մասնակցելու ենք և մեր մոտեցումները ներկայացնելու ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած՝ ապրիլի 19-ին «Անի պլազա» հյուրանոցում կայանալիք քննարկմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով բոլոր այն քաղաքական և քաղաքացիական ուժերին, որոնք հայտարարում են, թե ժողովրդի հետ են, կոչ արեց միավորվել և ձևավորել ընդհանուր օրակարգ, որը նպատակամիտված պետք է լինի ժողովրդի վերջնական հաղթանակին:
Նկատենք, որ ընդամենը երկու օր առաջ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարել էր, թե իրենց համար դեռևս անորոշ է հանդիպման օրակարգը, ուստի իրենց մասնակցությունը հստակեցված չէ:
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ևս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նախախորհրդարանն» իր ներկայացուցիչը կունենա վաղվա հանդիպմանը: