Արուճի ՍՊԾ կայանը` միակը Կովկասում
Օրերս ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն իր Արուճ դիտակետում վերագործարկեց GPS հենակետային (ռեֆերենց) կայանը, որը նախկինում գործում էր ՍՊԾ-ի Դավիթաշեն (Երևան) դիտակետում:
GPS համաշխարհային տեղակայման արբանյակային համակարգը թույլ է տալիս կատարել կոորդինատների ճշգրիտ չափումներ երկրագնդի ամբողջ տարածքում։ Արուճում տեղադրված կայանը, լինելով հենակետային, ընդգրկված է IGS (International GNSS Service) ծառայության ցանկում և միակն է Հարավային Կովկասում: Կայանի անվանումն IGS ծառայության տիրույթում լինելու է ARCH չորստառանի կոդային հապավումի տեսքով:
Ընդունիչն ու ալեհավաքը հնարավորություն ունեն կատարելու կոորդինատների ճշգրիտ չափումներ WGS-84 համակարգում` 30 վայրկյանը մեկ անգամ: Աշխատանքը կատարվում է ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի Արևմտյան ծառայության մասնագետների ջանքերով՝ ամերիկյան UNAVCO (NASA-ի գործընկեր) կազմակերպության հետ համատեղ և նրա տեխնիկական աջակցությամբ:
Մոտակա նմանատիպ կայաններ տեղակայված են Ռուսաստանի Դաշնությունում (Զելենչուկսկայա) և Թուրքիայում (Տրաբզոն): Վերջինս փակված է և գտվում է ոչ ակտիվ վիճակում:
Արուճի կայանում հավաքագրված տվյալները համացանցային կապի միջոցով կարող են հասանելի լինել աշխարհի բոլոր այն սպառողներին, ովքեր օգտագործում են մշակման համապատասխան համակարգչային ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, GAMIT/GLOBK ծրագիրը, որը նախատեսված է երկրակեղևի դեֆորմացիաների ուսումնասիրությունների համար: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի տարածքում նախատեսվող երկու GPS կայանների տեղադրումից հետո նման կայանների ապագա «եռանկյունու» տվյալները ևս կօգտագործվեն Գառնիի ակտիվ բեկվածքի գոտում երկրակեղևի դեֆորմացիաների հետազոտման ժամանակ: