«Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատ լավ գիտի, որ հաղթել է Սերժ Սարգսյանը»

Հարցազրույց «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի հետ

– Որպես սփյուռքահայ` ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական կյանքի ներկա իրավիճակը, Երևանի Ազատության հրապարակում ընթացող գործընթացները:

– Հայաստանի կառավարությունը տեղի տվեց, որ այդ տեսակի հավաքներ լինեն, ուրիշ երկրներում այդ հավաքների դեմը հեշտությամբ կարող են առնել, բայց մենք ուզում ենք եվրոպական միություններին ասել, որ մեր երկրում ազատ ձևով են եղել ընտրությունները, կա խոսքի ազատություն, և մեր կառավարուրթյունն այդ խոսքը հարգելու համար առիթ է տալիս, բայց, իմ կարծիքով, մեր ժողովուրդն էլ չափն անցնում է` արված արտահայտությունները պետք է ավելի զուսպ լինեն, ընտրված նախագահի մասին չխոսեն հայհոյանքներով: Հնարավոր է, որ սխալներ եղել են, բայց լավ բաներ էլ շատ են արել: Մենք ասում ենք, որ ներգաղթ կա: Եթե դու պետք է սևացնես, ապա մենք չենք ցանկանա գալ հայրենիք:

– Բայց եթե հայրենիքում այդպիսին է իրավիճակը, եթե վերջին տարիներին աղքատության ցուցանիշն աճել է` հասնելով մոտ 37%-ի, եթե մի երկրում արտագաղթը զանգվածային է դարձել, կարելի՞ է թաքցնել այս հանգամանքները:

Կարդացեք նաև

– Ձեր նշած աղքատության ցուցանիշը Հայաստանի առաջին օրվանից էլ կար, և նաև դրանից առաջ` Խորհրդային Միության տարիներին: Մեզ հարուստ Հայաստան չտրվեց, և եթե տրվեց հարուստ Հայաստան, ապա դա եղավ այսօրվա ցուցարարների օրոք, որոնք ծուռ գիծ քաշեցին, իսկ երբ առաջին օրվանից ծուռ գիծ են քաշում, ապա երկար ժամանակ է պահանջվում դրա շտկման համար:

– Իսկ ինչպե՞ս եք ընդունում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը: Նա ևս սփյուռքահայ է: Նրան պատկերացնոգւմ եք նախագահի պաշտոնում:

– Ես Րաֆֆի Հովհանիսյանին անդրադառնամ ավելի վաղ ժամանակներից, երբ նա ՀՀ արտգործնախարար էր: Կարծում եմ, որ արտգործնախարարի պաշտոնը նրան տալը սխալ էր: Երբ քիչ առաջ հիշատակեցի ծուռ գծաքաշերը, դրանք եղան հենց այդ ժամանակ: Հայաստանի ժողովուրդը 70 տարի ապրել է սովետական երկրում, գաղափարներն ուրիշ էին, հեղաշրջում չէր կարող լինել: Օրինակ, Չինաստանն էլ համայնավար երկիր էր, որը կամաց-կամաց փոխվելով` կարողացավ դառնալ աշխարհի թիվ 1 երկիրը: ԱՊՀ մյուս երկրներում էլ կա աղքատություն, օրինակ, Վրաստանում աղքատությունն ավելի մեծ ցուցանիշով է արձանագրվել:

– Բայց Հայաստանում հասարակությունը դժգոհ է սոցիալական անարդարությունից:

– Աշխարհի չորս կողմում էլ կա այդ դժգոհությունը: Ես սիրիահայ եմ, և դիտարկելով Սիրիայի ներկա վիճակը` պետք է նկատեմ, որ 90-ից ավելի երկրներ եկել են պատերազմելու Սիրիայում, և ասում են, թե Սիրիայի կառավարությունը զեղծարարությամբ է եկել, սակայն այսօր ընտրություն կազմակերպելու դեպքում, 100 տոկոսով վստահեցնում եմ, որ նույն նախագահը կընտրվի:

– Դա ի՞նչ կապ ունի մեզ հետ:

– Ամեն տեղ էլ կան դժգոհություններ, նույնիսկ մի ընտանիքում են լինում դժգոհություններ, մեծ երկրում հնարավոգր է, որ չլինեն, իսկ եթե նայենք պատմությանը, ապա պետք է նկատենք, որ հայերը միշտ եղել են գաղթող ժողովուրդ:

– Այսինքն` Դուք արդարացնո՞ւմ եք Հայաստանի աղքատության ցուցանիշը, արտագաղթի ծավալները:

– Ես չեմ արդարացնում և ասում, որ ամեն ինչ ճիշտ է, բայց առողջ քննադատությունները պետք է հասցնել տեղ: Այսօր Հայաստանն ունի նախագահ, որ լսում է քնննադատությունները, եթե սխալ է` արձանագրում է, շտկում է: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատ լավ գիտի, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, բայց նա և նրա կողմնակից ընկերները չէին սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է այդքան ձայն հավաքել: Սակայն, երբ Րաֆֆին գրավեց երկրորդ տեղը, նրա ընկերները չէին ցանկանում, որ առաջիկա 5 տարիներին նա դառնա լիդեր, այդ պատճառով Րաֆֆիին մղեցին այն ճանապարհով, որ կորցնի իր ձայները:

Րաֆֆիի ամենօրյա սխալները, խոսքերը փոխելը կամ իր արած արտահայտությունները հաջորդ օրը քննադատելը պատճառ դարձան, որ նա կորցնի իր ձայները: Իսկ այսօր մյուս կուսակցություններն այլևս սատար չեն կանգնում նրան այն պատճառով, որ Րաֆֆին այսօր կորցրեց իր ձայները, սպառվեց: Այսօր նույնիսկ Րաֆֆի կողմնակիցներն են դեմ իրեն, երբ նա չափն անցավ: Այս երկիրը չի կարող ղեկավարել սփյուռքահայ, քանի որ տարածաշրջանի քաղաքականությանը չի կարող լավ տիրապետել, և ուրիշից կախում պետք է ունենա: Հայաստանին ձեռնտու է ռուսամետ քաղաքականությունը, բայց միևնույն ժամանակ` պետք է չխզի իր կապերն Արևմուտքի հետ: Մի դիտարկում էլ անեմ. սփյուռքահայը պետք է Հայաստանի քաղաքականություն որոշող անձ չլինի: Ի՞նչ եք կարծում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ նախագահ, արդյո՞ք արտագաղթ այլևս չի լինի: Ավելին` կարող է ավելի շատ լինի:

– Լավ, պարոն Չեմբերջյան, հիմա ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում:

– Ես զարմանում եմ մի հանգամանքի վրա: Հայաստանում 6 անգամ ընտրություն է տեղի ունեցել, և այդ վեց ընտրություններին էլ ասել են, որ ընտրություններն անցել են խախտումներով: Ինչքան էլ արդար անցնի ընտրությունը, մենք միշտ դժգոհ ենք և այն ուժը չունենք, որ հաղթողին շնորհավորենք: Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ուրիշները, ցավոք, սխալ են` այդպես արտահայտվելով վեհափառների մասին: Այսօր ով էլ լինի Վեհափառը, պետք է լինել Վեհափառի կողքին` հաշվի առնելով, որ եկեղեցին և կառավարությունը միշտ եղել են կողք կողքի: Նույնն էլ վեհափառները, ովքեր 6 ընտրությունների ժամանակ էլ եղել են նախագահի կողքին. ներկայիս ընդդիմադիրն էլ անցյալում նախագահ էր, և եկեղեցին միշտ եղել է ընտրվողի կողքին: Այն ժամանակ էլ աշխարհի 4 կողմերից եկել են շնորհավորանքներ, որ ընտրություններն անցել են հաջող, միևնույն ժամանակ` կային ընդդիմադիրներ, ովքեր ասում էին, թե ընտրությունները տեղի են ունեցել զեղծարարություններով: Ես լսել եմ, որ այս մի քանի օրը Րաֆֆի Հովհաննիսյանը գնալու է Վեհափառից ներողություն խնդրելու, որ ինքը սխալ էր Վեհափառի հանդեպ: Մենք պետք է ուրախանանք, որ մինչ օրս մեր երկիրը գոյություն ունի` շնորհիվ մեր կրոնի, իսկ մեզնից մեծ պետությունները գոյություն չունեն, կա՛մ էլ գոյություն ունեն, բայց հայրենիք չունեն, ինչպես ասորիները, քուրդերը և ուրիշներ:

Օրինակ, ինձ համար վիրավորական էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի` 4 վեհափառների հասցեին արված արտահայտությունները: Ես պատահաբար ձեռք էի բերել Սամվել Կարապետյանի հեղինակած գրքույկները, և ցանկանում էի ծանոթանալ նրա հետ: Արամ վեհափառն ինքն էլ շատ լավ էր տրամադրված հուշարձանագետի նկատմամբ: Մի առիթով բախտ ունեցա ծանոթանալ հուշարձանագետի հետ, և նույնիսկ մեր բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց օժանդակել նրան` գրքույկների տպագրության հարցում: Մինչ օրս, սակայն, որևէ արձագանք չենք ստացել նրանից, բայց երբ youtube-ում տեսա նրա արած արտահայտությունները վեհափառների մասին, հիասթափվեցի, որովհետև դա բնորոշ է միայն աղանդավորներին: Չեմ հասկանում, թե ինչոգւ նա միայն վատ կողմերն է տեսել, չեմ կարծում, թե մեր վեհափառները կարող են նման բաներ ասել: Այդպիսի բաների մասին խոսելով` մենք տկարանում ենք, այլ ոչ թե բարձրանում ենք: Պետք է տեսնենք նաև մեր լավ կողմերը, և քառորդ ժամ տեսնելով Արամ կաթողիկոսին և քննադատել նրան` սխալ է:

– Վիրավորվա՞ծ եք:

– Անշուշտ, վիրավորված եմ: Այսօր արդեն 1 տարի է`վեճ ունեմ Արամ կաթողիկոսի հետ, բայց ես երբեք չեմ ասի որևէ վատ բան նրա մասին, որովհետև նա իմ կաթողիկոսն է, ես Կիլիկիո աթոռի զավակ եմ և իրավունք չունեմ որևէ վատ բան արտահայտել իմ կաթողիկոսի մասին: Կաթողիկոսներն էլ մարդիկ են, կարող են սխալվել: Անկարելի է, որ Արամ վեհափառը վարդապետին ասի, թե սուրճ դիր: Ես հարյուրավոր անգամներ եղել եմ Արամ կաթողիկոսի կողքին, և երբևէ նման բան չի եղել: Վեհափառն ունի իր խոհարարը, ում անունը Հարութ է, և աշխատում է դեռևս Խորեն վեհափառի, Զարեհ վեհափառի ժամանակներից: Ընդհանրապես, երբ քննադատում են կաթողիկոսների պես սուրբ մարդկանց, ուրեմն, բոլորս էլ քննադատելի ենք:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս