Յուրի Վարդանյան. Րաֆֆի Հովհաննիսյանի իրական ձայները 5-6 տոկոս են
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետագա գործունեության մեջ ճիշտ քայլեր անի, նախագահը կոմպրոմիսի գնացող մարդ է: Իմ անձնական կարծիքն է, որ նախագահն ընդառաջ կգնա երկխոսության հարցում և կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Որպես Սերժ Սարգսյանին մոտ կանգնած պաշտոնյա՝ Յուրի Վարդանյանից փորձեցինք պարզել, թե ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկխոսության թեման այլևս փակվա՞ծ է համարվում նախագահականում, թե՞ ամեն ինչ դեռևս ավարտված չէ:
Ի պատասխան, Յուրի Վարդանյանը նշեց, որ այդ թեմայով անձնական զրույց չի ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, առավել ևս՝ այդ թեմայի շրջանակում խորհուրդներ չի տվել, սակայն համոզմունք ունի, որ երկխոսության հնարավորությունը դեռևս կա:
«Մեր միջև այդպիսի խոսակցություններ չեն եղել: Գիտեք, ընտրություններ էին, ինքը շատ զբաղված էր, հետո էլ այս հետընտրական պրոցեսները եղան, այնպես որ՝ նախագահը շատ զբաղված էր, այդ թեմայով զրույց չենք ունեցել»,- ասաց Յուրի Վարդանյանը:
Թե ինչ պետք է անի կամ չանի Րաֆֆի Հովհաննիսյանը, նախագահի խորհրդականը չցանկացավ մանրամասնել, սակայն կարծիք հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդի համար այս իրավիճակն անակնկալ էր: «Ինքը շատ լավ գիտի, որ այդ 37-38 տոկոս ձայներն իրենը չեն, 5-6 տոկոսն է Րաֆֆի Հովհաննիսյանինը: Դա հասկանալով՝ ինքը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել»,- ասաց Յուրի Վարդանյանը՝ պարզաբանելով, որ ընդդիմության մեջ այդ պահին լավագույնը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, այդ պատճառով ընդդիմադիրների ձայների մեծ մասը հենց նրան գնացին: