
Վրաստանը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների լուծմանը. Ջեյմս Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը կարծում է, որ Վրաստանը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների լուծմանը: Այս մասին Ափաթուրայը հայտարարել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, ուր նա հանդիպել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ.
«ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի կողմից բարեփոխումների իրագործումը: Վրաստանում այսօր տարվող բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ: Ոչ վաղ անցյալում այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը: Մենք կարծում ենք, որ ձեր երկրում անպայմանորեն պետք է անցկացվի դատական համակարգի բարեփոխում:
Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին, մեծ քայլ էր երկրի ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Փոփոխություններ եղել են և կլինեն, սակայն Վրաստանը մեզ համար կշարունակի մնալ որպես հուսալի գործընկեր:
Վրաստանն ամուր ձգտում է դեպի ՆԱՏՕ, և կարող է մեծ ներդրում ունենալ տարածաշրջանի անվտանգության հարցում: Վրաստանը կարող է կատարել այն դերը, որը կօգնի Հայաստանին ու Ադրբեջանին՝ լուծելու իրենց խնդիրները»:
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն արդեն երկու օր է, ինչ գտնվում է Բրյուսելում: Այցն ավարտվելու է ապրիլի 18-ին: