«Րաֆֆի Հովհաննիսյանը չգնաց Մարտի 1-ի ճանապարհով». ապրիլի 9-ի ակցիայի մասնակից
«Այդ օրը մեզ Ոստիկանություն տարան, որովհետև երեք ժամով, այսպես ասած, չեզոքացնելու խնդիր կար, գիտեք, որ Ոստիկանությունում ավելի երկար պահելու իրավունք չունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բուրգ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Արման Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ բնապահպանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ապրիլի 9-ին Ոստիկանություն տարված երիտասարդ ակտիվիստների մեջ էր: Նա նշեց, որ Ոստիկանությունից որևէ տեղեկատվություն քրեական գործ հարուցելու մասին չի ստացել և չի կարծում, որ այդպիսի բան կլինի: Մեր այն հարցին, թե արդյոք մշտապես մասնակցե՞լ է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին և նրա թիմի կողմից կազմակերպված միջոցառումներին, Արման Վերմիշյանը պատասխանեց, որ մասնակցել է միայն ապրիլի 9-ի Ազատության հրապարակում կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը և դրան հաջորդած երիտասարդների ակցիային: Ընդհանուր առմամբ Արման Վերմիշյանն իրեն համարում է ապաքաղաքական մարդ և խորամուխ չի լինում քաղաքական գործընթացների մեջ:
«Ես անգամ ընտրություններին չեմ գնացել, չընտրություն համարողներից եմ եղել, բայց վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է ընտրվել»,- նկատեց նա:
Նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք նա էլ, ինչպես իր բնապահպան ընկերներից շատերը, հիասթափվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի գործողություններից, մասնավորապես՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառությունից: Ի պատասխան՝ Արման Վերմիշյանն ասաց.
«Ես կտրուկ բաներ չեմ կարող ասել: Նույն ապրիլի 9-ին կարելի է տարբեր գնահատականներ տալ, բայց մի բան պարզ է, որ նա չգնաց այն ճանապարհով, ինչ Մարտի 1-ն էր: Դա ես չեմ կարող չգնահատել»,- նշեց Արման Վերմիշյանը:
Նա դժվարացավ պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք շարունակելո՞ւ է մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի միջացառումներին, սակայն նշեց, որ ամեն դեպքում կլինի այնտեղ, որտեղ միջացառումներ կկազմակերպեն երիտասարդ բնապահպանները:
Անահիտ Փիլոսյան