«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» ակտիվիստից որպես փոխհատուցում պահանջում է 1 դրամ
Այսօր Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ լսվեց զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջի մասին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ –ի հայցն ընդդեմ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի:
Մինչ հայցվոր կողմի հայցի առարկան և հիմքերը ներկայացնելը՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց դատական նիստերն այսուհետ անցկացնել ավելի ընդարձակ դահլիճում` պատճառաբանելով, որ ներկայիս դահլիճը փոքր է եւ հնարավորություն չի տալիս մեծ թվով մասնակիցների ներկայությունը ապահովել, իսկ գործը, ըստ փաստաբանի, հանրային հետաքրքրություն ունի: Փաստաբանը նաև չանտեսեց ոտքի վրա կանգնած լրագրողներին` նշելով, որ լրագրողներն իրենց աշխատանքը չեն կարողանում կազմակերպել, իսկ դրանով վտանգված է հրապարակայնության սկզբունքը: Պատասխանողի միջնորդությունը բավարարվեց, և հաջորդ դատական նիստը տեղի կունենա մեկ այլ դատարանում, իսկ դատական նիստի օրվա և ժամի մասին կողմերը կտեղեկացվեն ծանուցագրի միջոցով:
Հայցի առարկան և հիմքերը ներկայացնելով` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ –ի ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը նշեց, որ Եղիա Ներսիսյանը 2012թ. դեկտեմբերի 8-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի երիտասարդական միավորման կողմից կազմակերպված միջոցառմանը, ասել է, թե «.. օրինակ Կապանում Գոլդ Մայնինգ կա, գիտեք չէ՞ էլեկտրաշոկով բանվորին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն, եկե՛ք նայեք»: Միջոցառումը նկարահանվել և տարածվել է Youtube սոցիալական ցանցով: Հայցվորը պահանջում է, որ Եղիա Ներսիսյանը հրապարակայնորեն հերքի զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և հօգուտ հայցվորի բռնագանձվի 1 ՀՀ դրամ գումար: Ընկերությունն այդ մասին տեղեկացել է 2012թ. դեկտեմբերի 20- ին և իր ներկայացուցիչների միջոցով դիմել Եղիա Ներսիսյանին՝ խնդրելով հանդես գալ հերքումով: Հանդիպումը կայացել է 2013թ. հունվարի 16-ին եւ ակտիվիստը խոստացել էր մինչև հունվարի 18-ը ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն այդպես էլ պատասխան չի տվել:
Այսօրվա դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ինչու ակտիվիստը խոստումը չի կատարել, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել:
Պատասխանող կողմն իր հերթին նշեց, որ դատարանի կողմից հայցը բավարարելը կհանդիսանա միջամտություն խոսքի ազատության իրավունքի նկատմամբ և, որ պատասխանողի հրապարակած տեղեկություները պայմանվորված են հանրային շահով, քանի որ տվյալ ընկերության կողմից անօրինական և անմարդկային որևէ դրսևորում չի կարող չմտահոգել հանրությանը:
Մինչ դատավարությունը Եղիա Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հերքմամբ հանդես չի գալու: «Տրամադրվել են, որ ինձ ստիպեն, որ հերքեմ, բայց ես չեմ հերքելու», – ասաց ակտիվիստը:
Նշենք, որ մինչ դատավարությունը սկսվելը և ամբողջ դատավարության ընթացքում, դատարանի առջև հավաքված ակտիվիստներ բղավում էին՛«մենք բոլորս Եղիա ենք»:
«Փաստինֆո»