Հրաչյա Բերբերյան. Իշխանությունները չգիտեն գյուղի իրական պատկերը
Ասում է «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը
– Պարոն Բերբերյան, այս տարի կարծես թե շոգը ժամանակից շուտ է վրա հասել: Այն չի՞ վնասի գյուղատնտեսությանը:
– Վերջին օրերի անձրևները ջրեցին Արարատյան դաշտավայրի որոշ համայնքների հողակտորները, որոնք ջրի կարիք ունեին: Մեր ոռոգման համակարգը դեռ ջրով չի բավարարում գյուղացուն, և կարծում եմ, թե գյուղատնտեսությունը ոռոգման համակարգից չպետք է անջատվեր: Բայց բնությունը բարի գտնվեց գյուղացու հանդեպ, և կարծում եմ, որ մեր ոռոգման համակարգի ընկերներն անձրևի համար գյուղացուց գումար չեն գանձի: Մեր ունեցած տեղեկություններով` որոշ համայնքների հողակտորներ մինչև 5սմ խորությամբ թրջվել են:
– Ժամանակից շուտ` դեռ ապրիլ ամսվա սկզբին, ծառերը սկսեցին ծաղկել…
– Չեմ կարծում, որ ժամանակից առաջ են ծաղկել ծառերը: Մեկ շաբաթ այս կողմ, այն կողմ` բան չի փոխի: Անցյալ տարի էլ մեկ շաբաթ ուշ ծառերը սկսեցին ծաղկել, բայց տարին ամեն բան իր տեղը գցեց: Մեր միակ վտանգը ապրիլյան ցրտահարությունն է, եթե եղանակը հաջող եկավ և ցրտահարություն չեղավ, ապա մենք այս տարի առատ բերք կունենանք: Տարին բարենպաստ է հացազգիների, կարտոֆիլի, պտղի համար:
– Գյուղերում մարդկանց սակավության պատճառով շատերը կարծում են, որ այս տարի գյուղմթերքի քանակը կնվազի: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Գյուղատնտեսության փոխնախարարները ևս ընդունել են, որ իրոք այս տարի լոլիկի, կարտոֆիլի, պղպեղի, սմբուկի ցանքատարածությունները նվազել են: Խոսքն անցյալ տարվա համեմատ ցանքատարածությունների նվազման մասին չէ, խոսքը բանջարեղենի ցանքատարածությունների նվազման մասին է: Դա էլ իր հերթին` կհարվածի գյուղմթերքի սեզոնային գներին` կունենանք գների շեշտակի աճ:
– Գյուղատնտեսության նախարարը մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ գյուղմթերքի պակաս սեզոնին չենք ունենալու:
– Իսկ ո՞վ ասաց, որ ունենալու ենք: Ուղղակի այս տարի լոլիկի 1կգ-ն կլինի ոչ թե 50, այլ 350 դրամ, և հետագան էլ ցույց կտա, թե գործարանները կապահովե՞ն անցյալ տարվա մթերած գյուղմթերքի քանակը, թե՞ ոչ:
– Ըստ էության, եթե մթերքի գինն աճի, կնշանակի` գյուղմթերքի պակաս կա շուկայում, այդպես չէ՞։
– Իհարկե: Շուկան ամենամեծ ցուցանիշն է, շատ չինովնիկներ վախենում են այդ ցուցանիշից: Իհարկե, ճիշտ եք, համաձայն եմ ձեզ հետ: Ժամանակը ցույց կտա, բայց իմ խորին համոզմամբ` սոխի գներն այս տարի կնվազեն: Մեր ուսումնասիրություններով` սոխի ցանքատարածություններն անցյալ տարվա համեմատ կտրուկ աճել են:
– Տարին նոր է սկսվել, իսկ դուք կանխատեսումներ եք անում: Հնարավո՞ր է կանխատեսումներ անել դեռ տարին չսկսած` լոլիկ կունենանք կամ վարունգ չենք ունենա, և կամ` հակառակը:
– Ընդհանրապես գյուղատնտեսությունը գնահատելը, հատկապես պտղաբուծությունը գնահատելը խեղկատակություն է, մենք խոսում ենք նախնական իրավիճակի մասին: Ես շեշտում եմ` որքան կունենանք, ես չեմ շեշտում, թե բերքի որ տոկոսը կարտահանենք կամ կմթերենք: Կարող է` մի օր էլ կարկտահարվեն, և ոչինչ չունենանք: Միայն տգետ մարդը կարող է գուշակություններ անել: Միայն տգետ մարդը կարող է ասել, որ` այս տարի ես կրկնակի արտահանում կանեմ. ժամանակը ցույց կտա:
– Խոսենք կառավարության` գյուղացուն տրամադրած օգնությունների մասին: Ճի՞շտ էր գյուղացուն հենց պարարտանյութի և վառելիքի տեսքով օգնություն տրամադրելը:
– Վերջին տարիներին, իրոք, կառավարությունը գյուղատնտեսությանն աջակցելու համար որոշակի քայլեր է ձեռնարկել և իրականացնում է: Ճիշտ է, շատերն այս ամենին թերահավատորեն են մոտենում, կարծում են, թե այս ամենը ժամանակավոր բնույթ է կրելու, և, որ կապված է ընտրությունների հետ, բայց արդեն երկրորդ տարին է` տեսնում ենք, որ գյուղացուն տրամադրվում է կայուն վառելիք, ազոտական պարարտանյութ: Մենք ակնկալում ենք, որ ռեֆորմները պետք է շարունակվեն: Եթե շարունակենք ռեֆորմների գնալ, ամեն բան դեպի լավը կփոխվի: Ասում եմ` «եթե», քանի որ, իմ խորին համոզմամբ, գյուղացուն կառավարության տրամադրած օգնությունը պետք է լինի ոչ թե ազոտի, վառելանյութի տեսքով, այլ գումարի: Գյուղմթերք արտադրողին պետք է տալ գումար, որպեսզի նա գնա և գնի իր հողակտորի մշակության համար նպատակահարմար բուժանյութը, պարարտանյութը:
Շեշտեմ ևս մեկ անգամ` օգնությունը պետք է տրամադրվի գյուղմթերք արտադրողին: Բոլոր գյուղացիները չէ, որ արտադրում են գյուղմթերք: Ոլորտում պետք է ճշգրտումներ մտցվեն, նոր ռեֆորմներ հաստատվեն: Գյուղացին պետք է մտնի օրենքի դաշտ, որպեսզի օրենքով կարողանանք պաշտպանել և օգնել գյուղացուն: Պետք է համայնքներում ստեղծել ոչ թե կոոպերացիաներ, այլ ֆերմերային միավորումներ. ֆերմերների խմբեր, որոնք կզբաղվեն գյուղմթերքի արտադրությամբ, և այդ սուբսիդիան էլ պետք է տալ հենց այդ միավորումներին: Այդ ամենի հետ մեկտեղ` գյուղացին պետք է հասկանա, որ կարող է պետությունից օգնություն ակնկալել միայն այն դեպքում, երբ ճիշտ ժամանակին կվճարի հարկերն ու տարվա վերջում հաշվետվություն կներկայացնի իր ունեցած բերքի, ստացած շահույթի և գալիք տարվա համար պլանների մասին: Ըստ այդմ էլ, կախված գյուղացու մշակվելիք տարածքներից, ստացած եկամուտներից, պետության կողմից նրան օժանդակություն կտրամադրվի: Հիմա մարդիկ կան, ովքեր առանց հողի հարկը վճարելու` ստանում են սուբսիդիան:
Պետությունը պետք է հարկատուին հովանավորի: Պետք է գյուղացուն բերենք օրենքի դաշտ, որպեսզի ամեն թալանչի իր ցանկացած գնով գյուղացուց գյուղմթերք չմթերի: Այս հարցերը լուծելուց հետո մենք պետք է մտածենք ոչ թե Երևան քաղաքի կենտրոնում շուկաներ բացելու մասին, այլ մեծածախ գյուղմթերքի շուկաներ Երևանի արվարձաններում բացելու մասին: Երբ այդ բոլոր հարցերին լուծում կկարողանանք տալ, և երբ կլուծենք բանկերի հետ գյուղացիների սերտ համագործակցության հարցը, այն ժամանակ էլ կարող ենք ասել, որ փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում արվել են:
– Անդրադառնանք գյուղացու հետ անքակտելի կապ ունեցող գյուղատնտեսական ասոցիացիաներին, որ ղեկավարվում են անհատների կողմից, և կառավարության հատկացրած օգնության մեծ մասն էլ յուրացնում են հենց այդ անհատները: Ճի՞շտ է այդ համակարգի դրվածքը:
– Ընդհանրապես գաղափարն ինքնին միջազգային փորձի հիմքում է և տեղին է անշուշտ, բայց կաշխատի՞ այն և ինչպե՞ս կաշխատի` որևէ մեկին չի հետաքրքրում: Օրինակ` Գյուղնախարարության ծրագրերի մեջ մտնում է կոոպերացիաներ ստեղծելու հարցը, իսկ թե այդ կոոպերացիաները կարդարացնե՞ն իրենց, թե՞ ոչ` ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք պետք է այդ ասոցիացիաների վրա վերահսկողություն սահմանենք, որպեսզի օլիգարխը չորոշի, թե մորեխների դեմ ե՞րբ է պետք բուժում իրականացնել, ի՞նչ դեղով է պետք բուժել այս կամ այն հիվանդությունը, անասուններին կամ բույսերին: Դա պետք է անեն մասնագետները, իսկ նրանց վրա վերահսկողություն պետք է սահմանվի, որպեսզի անկախ աշխատանքից, ամսվա վերջում մարդիկ աշխատավարձ չստանան:
– Բոլոր թերություններով հանդերձ, տարեկան հաշվետվություններում ամեն բան գերազանց է ներկայացվում:
– Այսօր մեզ մոտ վիճակագրական տվյալները գալիս են գյուղապետարաններից: Ես հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել համայնքներում գյուղապետերի անտեղյակության մասին: Ինչպե՞ս կարող է մարդը, ով տեղյակ չէ, թե իր գյուղում քանի կով կա, իմանալ, թե քանի լիտր կաթ է տալիս կովերից յուրաքանչյուրը: Այսօր իշխանությունները, չիմանալով գյուղի իրական պատկերը, ո՞նց կարող են գյուղի հարցերին ճիշտ լուծում տալ: Կարող եմ վստահեցնել, որ ցորենի արտադրությունը մեզ մոտ վստահելի հիմքերի վրա է: Վերջին երկու տարվա ընթացքում մենք իրոք լավ բերք ենք ստացել, բայց այդ սարսափելի թվերը չեն, որ ներկայացվում են:
Ես կարող եմ վստահեցնել, որ անցյալ տարի` նախանցյալ տարվա համեմատ, մենք 100.000 տ ցորեն ենք ներկրել, բա, եթե լավ է ամեն ինչ, մենք էլ ինքնաբավ ենք, ինչի՞ ենք այդքան ցորեն ներկրել: Այ, եթե գյուղացին գա օրենքի դաշտ, ամեն բան ավելի հավաստի ու ճիշտ կլինի: Եվ դրա դիմաց էլ սուբսիդիաներ կստանան: Այսինքն, եթե արտադրել ես` կստանաս: Պետք է իրական արտադրողին խթանել, ոչ թե ամեն մեկին, ով պարզապես ասում է, թե իբր արտադրում է: Հիմա հստակ ասեմ. քանի որ նախարարներին ասված է գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե` մի քիչ թիվ տվեքգ Նրանք էլ, անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է: Պրիմիտիվ է, այն արտադրողը, որը պետք է ստորագրեր իր արտադրանքի տակ, չի ստորագրում: Նրա փոխարեն` ուրիշներն են որոշում, թե նա ինչ է արտադրել:
«168 ԺԱՄ»