Սոս Գիմիշյան. ԲՀԿ-ի հետ համագործակցելը նույնն է, ինչ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործացկելը

«Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այսօր չի մասնակցել ՀԱԿԿ համագումարին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել:

Նրա խոսքով` ինքը չէր մասնակցի ՀԱԿԿ համագումարին նույնիսկ այն դեպքում, եթե հրավեր ստանար:

Իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմամնավորված նման վերաբերմունքը, Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Իրենք հայտարարել են, որ բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել են այդ համագումարին, բայց, մասնավորապես, մեր կուսակցությանը չեն հրավիրել: Այսինքն՝ իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ այնպիսին է, թե իբր մենք ընդդիմադիր չենք: Քանի որ այդպես են վերաբերվում, ես չեմ կարող մասնակցել այն ուժի համագումարին, որն ինձ գործընկեր չի համարում: Ճիշտն ասած, մեր կուսակցությունն ընդդիմադիր է: Եթե իրենք ընդդիմադիր չեն, ես իշխանամետ քաղաքական ուժի հետ ընդհանուր ճանապարհ չունեմ, կա’մ հակառակը` տա Աստված, որ, իսկապես, ապացուցվի, որ իրենք ընդդիմադիր ուժ են, իսկ մեզ չհրավիրելը նշանակի, որ մենք իշխանամետ ուժ ենք: Մենք իրենց հետ ընդհանուր անելու բան չունենք»:

Ս. Գիմիշյանի խոսքով` իրենք տարբեր ձևով են ընկալում իշխանությունն ու ընդդիմությունը: Իսկ հարցին, թե ՀԱԿԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ եք, վերջինս պատասխանեց. «Դեռ նոր է ստեղծվում այդ կուսակցությունը: Ճիշտ է, ՀՀՇ-ն ընդամենը վերանվանել են, դա նոր կուսակցություն չէ, և ճանաչված է ժողովրդի կողմից ու հստակ վերաբերմունք ունեն: ՀՀՇ-ն ընդամենն անունն է փոխել: ՀՀՇ-ն վերջին 20 տարվա պատմության ընթացքում տարբեր դիրքորոշումներ է ունեցել, շատ հաճախ ընդդիմության դիրքերից է հանդես եկել, բայց պաշտպանել է գործող իշխանություններին: Ես իրենց հաջողություն եմ ցանկանում: Իսկապես,  եթե ուժ գտնեն իրենց մեջ և իրապես ընդդիմադիր ուժ դառնան, կարողանան ժողովրդի և պետության բազմաթիվ հարցերի գոնե մեկի լուծմանը նպաստել, ես միայն ուրախ կլինեմ»:

Կարդացեք նաև

Ս. Գիմիշյանի խոսքով` իր համար լիդերի անունը երբևէ կարևոր չի եղել, այլ կարևորն այդ լիդերի որակներն են եղել: «Ինձ համար ամենակարևորը լիդերի որակներն են. իր պայքարն ուղղված է իր անձի բարձրացմա՞նը, պատմական լինելո՞ւն, դերակատարումը ցույց տալո՞ւն, թե՞ իրական պայքար է մղվել երկրի, ժողովրդի պրոբլեմները լուծելու համար: Սա է ամենակարևորն ինձ համար: Թե չէ՝ անձն ի՞նչ կարևոր է, երեկ Լևոն տեր-Պետրոսյանն էր, այսօր` Րաֆֆի Հովհաննիսյանն է, և ես տարբերություն չեմ տեսնում, թե ով է: Կարևորն այն է, թե ինչպիսի՞ն է այդ անձը, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում, ի՞նչ ձևով է իր գործունեությունը  ծավալում, ինչքանո՞վ է հետևողական, ինչքանո՞վ է ճշտախոս:

Միայն այս որակներն ունեցող առաջնորդը երկարաժամկետ պայքարելու հնարավորություն, հաջողություններն ակնկալելու իրավունք և ժողովրդի կողմից վստահության քվե կունենա: Հակառակ դեպքում` մեկը մի տարի հետո, մյուսը` 4 տարի հետո, վստահությունը կորցնում են` գնալով պատմության գիրկը»,- ասաց Ս. Գիմիշյանը:

Երբ հետաքրքրվեցինք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրե՞լ է իր վստահությունը ժողովրդի մոտ, Սոս Գիմիշյանը պատասխանեց՝ այո, քանի որ իր թվարկած որակներից շատերը բացակայում են նրա մոտ:

«Հետևողական, սկզբունքային քաղաքական պայքար չէր վարվում: Ես համաձայն չեմ այն մոտեցմանը, որ ցանկացած քաղաքական ուժի հետ, որը կցանկանա համագործակցել՝ պետք է համագործակցել: Դա նշանակում  է սկզբունքների բացակայություն: Ես շատ սխալ եմ համարել «Բարգավաճ Հայաստանի» հետ քաղաքական խաղերի պրոցեսը սկսելը: Դա նոււյնպես սկզբունքի բացակայության նշան է ինձ համար: Դա նույնն է, ինչ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործացկելը: Կյանքն էլ ցույց տվեց, որ «Բարգավաճ Հայաստանը» փաստացի գցեց»,- ավելացրեց Ս. Գիմիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս