
Արմեն Մարտիրոսյանի դեպքին ՄԻՊ-ը կարձագանքի մյուս շաբաթ

Այսօր ՄԻՊ գրասենյակում կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը ղեկավարող Արմեն Մարտիրոսյանի դեպքը կքննվի Արթուր Բաղդասարյանի ղեկավարած նոր հանձնաժողովում:
«Այդ կապակցությամբ իրավապահ մարմինները համապատասխան հայտարարությամբ հանդես եկել են և առաջիկայում տեղի կունենա քննություն: Միակողմանի գնահատականներ հնչեցնելը տեղին չէ, դա գտնվում է հետաքննության տիրույթում և համապատասխան արձագանքը սպառիչ կտրվի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
ՄԻՊ պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ ավելացրեց, թե մասնավոր դեպքերը չեն փոխանցվելու հանձնաժողովին, դրանցով, ըստ օրենքի, զբաղվելու է ՄԻՊ գրասենյակը:
«Մեր կողմից վարույթը սկսված է և եռօրյա ժամկետում ես ոստիկանապետից խնդրել են տեղեկություններ և ամենաուշը երեքշաբթի, ըստ այդ պատասխանի, կլինեն մեր կոնկրետ գնահատականները: Մասնավոր հարցերով, խնդրում եմ շարունակեք դիմել ՄԻՊ-ին ոչ թե հանձնաժողովին»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Անահիտ Փիլոսյան