Բաժիններ՝

Մասնակիորեն բավարարվել են ՀՀ նախկին վարչապետի հայցապահանջները

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ընկերության՝ պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջի մասին դատարանը մասնակիորեն բավարարել է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, պարտավորեցրել է «Քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Արմեն Դարբինյանին վիրավորանքների համար` ներողություն հայցելու տեքստը հրապարակել պատասխանողին պատկանող www.n-idea.am պորտալում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: «Ներողություն» վերտառությամբ տեքստը պետք է լինի հետևյալ բովանդակության. «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ն հայցում է Արմեն Դարբինյանի ներողամտությունը նրա վերաբերյալ 18.08.2012թ. www.n-idea.am պորտալում լույս տեսած «Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում, ինչու՞ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից» խորագրով հրապարակման մեջ արված վիրավորական արտահայտությունների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար։

Վճռով դատարանը պարտավորեցնում է պատասխանողին վճարել փոխհատուցում 200.000 ՀՀ դրամի չափով վիրավորանք հասցնելու, ևս 200.000 ՀՀ դրամի չափով՝ զրպարտության համար: Պատասխանողից հօգուտ հայցվոր Արմեն Դարբինյանի պետք է բռնագանձվի 150.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի վարձատրության ծախս և 8.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարից։

Հայցվոր կողմը դատարանից խնդրել էր պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքների համար, վճարել փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամի չափով վիրավորանք հասցնելու և 2.000.000 ՀՀ դրամի չափով՝ զրպարտության համար, պարտավորեցնել պատասխանողին վճարել վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասները, հայցվորի և հայցվորի ներկայացուցչի միջև կնքված պայմանագրին համապատասխան` 1.000.000 ՀՀ դրամ, պարտավորեցնել պատասխանողին վճարել ՀՀ պետական տուրքի գումարը` 84.000 ՀՀ դրամ։

Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից ներկայացված և հոդվածում տպագրված փաստացի տեղեկություններից «խղճուկ ցռանը», «ցռան», «ոչնչություն», «արմենչիկակերպ ուռոդներ»` արատավորում են անձի պատիվն ու արժանապատվությունը, ինչը որևէ կասկած չի հարուցում։ «… բնականաբար, եթե տվյալ արտահայտություններն արված են հրապարակային կերպով, ապա հետապնդում են մարդու պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ: Հոդվածի վերլուծությունից նաև հստակ երևում է, որ հեղինակն ի սկզբանե հետապնդում է անձի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ, քանի որ ամբողջ հոդվածն ուղղված է հայցվորի դեմ, լի է անպարկեշտ և վիրավորական արտահայտություններով և, առհասարակ, հեղինակը դա չի թաքցնում»,- նշվում է վճռում։

Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից վկայակոչված «ապրել իրավական դաշտից դուրս», «ցրել», «անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել, սնվել է գողացած մսով և մսամթերքով /այսինքն անվճար/, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում, խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը, հայհոյել ամենահետին խոսքերով և ծեծելով համարյա թե մահվան դուռը հասցրել» տեղեկությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի իմաստով հանդիսանում են զրպարտություն, քանի որ նշված տեղեկությունները ևս ներկայացված են հրապարակային ձևով նույն հոդվածում, նույն կայքէջում և նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, որի վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս