Աբդուլլահ Գյուլը հաստատել է օտարազգիների իրավունքների պաշտպանության մասին օրենքը
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ հավանության է արժանացրել նոր օրենքը, որն առնչվում է օտարազգիների իրավունքների պաշտպանության մասին օրենքը:
ԵՄ-ը վաղուց քննադատում է Թուրքիային՝ օտար քաղաքացիների պաշտպանության հարցում օրենսդրական բազա չունենալու համար և ողջունել է Թուրքիայի կառավարության այս քայլը:
Նոր օրենքով, օտարազգիներն ու միջազգային պաշտպանությամբ անձինք չեն կարող հետ ուղարկվել այն երկրներ, որտեղ նրանք ենթարկվում են կտտանքների, անմարդկային ու ստորացուցիչ վերաբերմունքի կամ էլ այն վայրեր, որտեղ նրանք կհայտնվեն վտանգի մեջ՝ իրենց ռասայական, կրոնական կամ էթնիկ պատկանելության պատճառով:
Օրենքը սահմանափակումներ է սահմանում երկիր մուտք գործելիս օտարազգիների ստուգման ժամանակ՝ մինչև 4 ժամ: Բացի այդ, Թուրքիայի իշխանություններն այսուհետ կարող են օտարազգիների մուտքը սահմանափակել միայն 5 տարով:
10 տարով արգելքը կարող է կիրառվել միայն այն անձանց հանդեպ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում պետական անվտանգությանը: Բնակության ժամկետը սպառած օտարազգիների համար առավելագույն պատժաժամկետ է սահմանվել մեկ տարին:
Օրենքը նախատեսում է, որ այն օտարազգիները, որոնք Թուրքիայի տարածքում գտնվում են ավելի քան 90 օր, պետք է դիմում ներկայացնեն բնակության թույլտվություն ստանալու համար: Այդ թույլտվությունը ճանաչվում է ուժը կորցրած, եթե այն չի գործածվում 6 ամսվա ընթացքում: