Ովքեր կմնան կառավարությունում

Երեկ Կառավարության անդամներն այլ կարգավիճակով էին եկել Ազգային ժողով: Վերջիններս ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո հրաժարական են տվել: Լրագրողներն էլ հարց տալուց զգուշավոր էին և դիմում էին «նախկին նախարար» կամ «ժամանակավոր պաշտոնակատար» արտահայտություններով: Կառավարության անդամներից ոմանց վրա, սակայն, նոր կառավարության կազմում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը չէր ազդել:

Նրանք շարունակում էին ուրախ ելումուտ անել Նիստերի դահլիճ, ոմանք` խուսափել լրագրողներից` սովորության համաձայն: Նրանցից մի քանիսից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց տեսնում են նոր Կառավարության կազմում: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն իրեն տեսնում է ամեն տեղ, որտեղ կարող է օգտակար լինել:

«Ես ինձ տեսնում եմ ամեն տեղ, որտեղ կարող եմ օգտակար լինել, երկրորդը` եթե իմ կուսակցությունը գտնի, որ ես այնտեղ կարող եմ հաղթել` դա կարող է լինել Կառավարություն, դա կարող է չլինել Կառավարություն: Պատկանում եմ այն քաղաքական գործիչների շարքին, որոնք իրենց հաջողության չափորոշիչը չեն դիտարկում այս կամ այն պաշտոնը»,- ասաց Ա. Աշոտյանը:

Իսկ մեր դիտարկմանը, թե լուրեր էին շրջանառվում, որ նա պաշտոն է ստանձնելու նախագահի աշխատակազմում, վերջինս պատասխանեց. «Ես քանիցս անդրադարձել եմ և նորից կրկնեմ` որոշ լրատվամիջոցներում ազդարարված վիկտորինան` «ի՞նչ է աշխատելու Արմեն Աշոտյանը», դեռևս բաց է և հաղթող չունի»:

Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն էլ նույն հարցին այսպես պատասխանեց. «Ավելի լուրջ հարցեր տվեք, Կառավարության կազմը որոշում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կուսակցություն»: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր աշխատանքը, Գ. Բեգլարյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ գնահատում իմ աշխատանքը: Եթե ոլորտ եմ սպասարկում, էդ ոլորտի մարդիկ են գնահատում կամ ժողովուրդը»:

Մենք հետաքրքրվեցինք նրանից, թե արդյո՞ք ինքը կցանկանար շարունակել աշխատել նույն պաշտոնում: «Ես միշտ ուրախ եմ ծառայեմ իմ ժողովրդին, անկախ նրանից` դա որտեղ կլինի` նախարարի պաշտոնում կլինի, թե որտեղ կլինի` ես ոչ թե աշխատանքից եմ հաճույք ստանում, այլ ծառայելուց: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց Գ. Բեգլարյանը:

Իսկ ՀՀ գյուղնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանն էլ նշեց, որ ինքը չգիտի` կլինի՞ նոր կառավարության կազմում, թե՞ոչ, քանի որ, ըստ նրա, որոշողն ինքը չէ: Իսկ հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր կատարած աշխատանքը` ասաց. «Չեմ կարող ասել` լավ եմ գնահատում, բայց որոշակի քայլեր ձեռնարկել ենք և որոշակի աշխատանքներ արել ենք այս երկու տարվա ընթացքում»: Իսկ հարցին, թե ի՞նչն է խանգարում, որպեսզի ավելի լավ աշխատեին, վերջինս պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի խանգարում, ոչ մի բան»:

Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, թե վերջին տարիներին քանի՞ տոկոս աճ արձանագրվեց գյուղատնտեսության ոլորտում, Ս. Կարապետյանը պատասխանեց. «Դուք ինձանից լավ գիտեք»: Իր աշխատանքի մասին, սակայն, ուշագրավ պատասխան տվեց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկելով Հայաստանի ներկա իրավիճակը` նշեց, որ այս տարիներին Հայաստանից մոտ 200.000 մարդ է արտագաղթել, որ աղքատության ցուցանիշն օրեցօր աճում է, և արդյո՞ք այս պատկերից ելնելով Տ. Սարգսյանն ու կառավարությունը մեղքի զգացումով չեն հրաժեշտ տալիս կառավարությանը:

«Չկա մի մարդ, որը մեղք գործած չլինի, որ չզղջա, բայց համարձակություն է պահանջում, որ մարդ կարողանա իր մեղքերն ընդունի, որ չկրկնվի»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով` այս տարիներին եղել են բացթողումներ, սխալներ: Վերջինս, սակայն, չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկմանը, թե այս տարիներին Կառավարությունը պետք է աներ քայլեր, որպեսզի ձախողումներ չլինեին:

«Համաձայն չեմ, որ ձախողել ենք, արել ենք առավելագույնը, որ եղած այդ բացասական երևույթները մեղմենք: Իհարկե, կան ծրագրեր, որ չենք արել, բայց ընդհանուր ռազմավարությունը ճիշտ է եղել, իսկ թերացումն այն է, որ Ձեզ հետ միասին չենք կարողացել գալ համաձայնության այն հարցի շուրջ, չենք կարողացել Ձեզ համոզել, որ մեր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան Ձերը»,- հակադարձեց Տ. Սարգսյանը` այդպես էլ, սակայն, չանդրադառնալով, թե ինչո՞ւ են իրենց «տքնաջան» աշխատանքի արդյունքում մարդիկ հեռանում երկրից, և ինչո՞ւ է մեր երկրի բնակչության 36-%-ն ապրում աղքատության մեջ…

Տեսանյութեր

Լրահոս