Հետաքրքրվել են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից
Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց նրանց առաքելության և մարդասիրական գործունեության համար ու կարևորեց համագործակցությունը ոստիկանության աշխատանքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ու նորովի կազմակերպելու առումով:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց բարեփոխումների ընթացքը՝ նկատելով, որ նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, և ընդգծեց արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու և ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:
Ժան Պիեռ Ռաստելինին շնորհակալություն հայտնեց գերազանց համագործակցության համար, և նշեց, որ առանց որևէ խոչընդոտի ու դժվարության կատարել են բոլոր այցելությունները և իրականացրել իրենց առաքելությունը:
Գոհունակությամբ ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը և ակնհայտ փոփոխությունները, պատվիրակության ղեկավարը, միևնույն ժամանակ, նկատեց, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ չնայած կատարված աշխատանքին, զգալի ճանապարհ կա անցնելու հատկապես ոստիկանների հոգեբանությունն ու աշխատանքի մեթոդները ամբողջովին փոխելու ուղղությամբ և հավաստեց, որ ամեն ինչ արվում է այդ վերափոխությունն առավելագույնս կարճ ժամանակամիջոցում իրականացնելու համար:
Հյուրերը հետաքրքրվեցին նախօրեին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում և այլ հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Վլադիմիր Գասպարյանը մանրամասնեց ցուցարարների և ոստիկանության գործողությունները, հետագա զարգացումները, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացածների վիճակը:
Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ ոստիկանություն