«Ոստիկանությունը շարունակում է իշխանության պատվերները կատարել»

«Ըստ էության, ոստիկանությունը մնացել է նույնը՝ այն առումով, որ օրենքի շրջանակներում գործելու փոխարեն, շարունակում է իշխանության պատվերները կատարել: Ես այն կադրերը, ինչ որ տեսել եմ, դրանցով կարող եմ գնահատականներ տալ, որ իրենք փորձում են կարգ ու կանոն հաստատել, բայց ամենակարևորն այն է, որ այդ փորձելու ձևն էր, ինչպես միշտ, ոչ ադեկվատ»,- galatv.am-ի հետ զրույցում, կարծիք հայտնելով երեկ՝ ապրիլի 9-ին, տեղի ունեցած զարգացումների մասին, ասել է ՀԱԿ անդամ Վահանգն Խաչատրյանը:

Նա առանձնահատուկ խոսել է ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիակնների կողմից ծեծի ենթարկվելու մասին. «Արմեն Մարտիրոսյանի համար շատ ցավում եմ, և ամենակարևորը՝ ցանկանում եմ՝շուտ առողջանա: Քանի որ Մարտիրոսյանն այն մարդն է, որ իսկապես, կարծում եմ, այնտեղ չէր, որ օրենքներ խախտեր, հակառակը, նա այնտեղ էր պարզապես նրա համար, որպեսզի թույլ չտար, որ ընդհարումներ լինեին ոստիկանության և ժողովրդի միջև»:

Վահագն Խաչատրյանի խոսքերով` երեկ տեղի ունեցածը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները ամենևին դասեր չեն քաղել և ցանկացած պահի նրանք Մարտի մեկ կրկնող են:

«Քաշքշուք, աժիոտաժ՝ ոստիկանության աշխատողների կողմից, օրենքի, տեղեկության բացակայությամբ՝ ում ինչի համար են տանում, ոստիկանությունն իրավունք էլ չուներ քաղաքացու նկատմամբ անել նման բան. խաղաղ հանրահավաքը ցրել կամ մարդկանց ուժով տանել ոստիկանություն և ամենակարևորը՝ բացատրություններ չտալ կամ բացատրությունների մեջ խեղաթյուրել տեղեկությունները:

Որևէ մեկը, եթե փորձում էր ձևակերպումներ տալ, ինչ-որ վերլուծությունների արդյունքում ներկայացնել այնպիսի իրավիճակ, որ ավելի մեղմ, ավելի քաղաքակիթ են հիմա, ես կարող եմ ասել, որ ոչինչ էլ չի փոխվել: Էն ցինիկությունը, որ կա իշխանության մեջ՝ վերևից ներքև, կա՛, և հիմա ավելի է ուժեղանում: Այդ դեպքերից հետո, փետրվարի 18-ի ընտրություններից հետո, այն, ինչ տեղի ունեցավ այս երկու ամսվա ընթացքում, իրենք ավելի են խտացվել, ավելի են ազատ լինելու էն միջոցների կիրառմամբ, որը կիրառում են ժողովրդի նկատմամբ: Եվ իզուր տեղը թող չփորձեն քաղաքացիներին շփոթմունքի մեջ գցել, որ գիտե՞ք ինչ կա՝ էն մեկը վատն էր, էս մեկը լավն է…չէ´,համակարգը նույնն է: Համակարգի էությունը նույնն է մնացել, ավազակապետությունը մնացել է ավազակապետություն, ոչինչ չի փոխել: Եվ այս համակարգը իր բնավորության մեջ, իր էության մեջ Մարտի մեկ նախատեսում է: Եթե իշխանությունը չի ձևավորվում ժողովրդի կողմից, եթե ժողովրդի վստահությունը չունի, այդ իշխանության գոյատևման ձևը ուժն է և ուժային կառույցները: Ես ուղղակի երեկվա հետ կապված ուզում եմ իմանալ՝ կայի՞ն մարդիկ, որ կարծում էին՝ ամեն ինչ այլ կերպ է ավարտվելու, կարող է, այո՛, ավելի վատ ավարտվեր…ինքը՝ իշխանությունը պատրաստ է բիրտ ուժի կիրառման, և արդյունքը կարող է շատ ավելի վատ լինել»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանին հարցրել են նաև, թե երեկ տեղի ունեցածում նա տեսնու՞մ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մեղքը, պատասխանն այսպիսին էր.

«Ես ցանկություն չունեմ, ոչ էլ տեղն է, որ պիտակավորենք: Ամենակարևորը՝ պետք է մի բան հասկանանք բոլորս, որ նման իշխանության հետ գործ ունենալ, նշանակում է պետք է պատրաստ լինել նման քայլերի, կներեք՝ ավելի վատ քայլերի: Իսկ պիտակավորել կամ գնահատականներ տալ, տեղին ու ժամանակին չէ: Իշխանություն, որը ժողովրդի կողմից չի ընտրվել, այլ` ժողովրդի ձայները կեղծելով, այդ դեպքում ուրիշ բան ակնկալել իշխանություններից հնարավոր չէ»:

Վահագն Խաչատրյանին հարցրել են նաև երեկվա միջադեպերին ՀԱԿ-ի բացակայությունից և արդյո՞ք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն տարածել ապրիլի 9-ին տեղի ունեցածի մասին: ՀԱԿ անդամն ասել է.

«Մեր կողմից մասնակցությունը կարող էր այլ կերպ գնահատվել: Ամբողջ այս գործընթացի պատասխանատուն, նախաձեռնությունը Ժառանգությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանինն էր: Մենք որևէ մասնակցություն չէինք ունեցել նախաձեռնությանը, այդ ծրագրերի կազմմանը ու տեղյակ էլ չէինք օրվա ծրագրերից: Ոչ ոք էլ տեղյակ չէր, թե ինչ էին ուզում անել: Դա ոճ էր, միգուցե, այդպես: ՀԱԿ-ին փորձել այս պարագայում այդտեղ մտցնել, կարծում եմ, ճիշտ չէ: Իսկ գնահատական անպայման կտանք: Մենք երբևէ չենք խուսափել, և մեր գնահատականները միշտ էլ եղել են Հայաստանում տեղի ունեցող գարծընթացների վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս