Հովհաննիսյանի պահանջը Ոստիկանությանը «շատ քիչ է հետաքրքրում»
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությանը եւ հրաժարականների պահանջին, ասաց, որ դա իրենց «շատ քիչ է հետաքրքրում»:
Հովհաննիսյանը անցած գիշեր հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է Սերժ Սարգսյանի եւ նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանի, Գորիկ Հակոբյանի եւ «համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաների» հրաժարականները, վկայակոչելով նախօրեին Ոստիկանության տարածած, իր բնորոշմամբ` «հակասահմանադրական»հայտարարությունը:
«Դա իր խնդիրն է, մենք մեր գործողություններն ենք կատարում նորմալ, իսկ թե ինչ է ինքը հայտարարում, դա իր պրոբլեմն է. դա մեզ շատ քիչ է հետաքրքրում»,- հայտարարեց Ներսես Նազարյանը:
Ոստիկանությունը նախօրեին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր. – «Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը: Նման պարագայում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «այսինքն, դուք չե՞ք համարում, որ հայտարարության մեջ թույլ եք տվել լիազորությունների գերազանցում», Երեւանի ոստիկանապետը պատասխանեց. – «Իհարկե ոչ, իրենք շատ կերազեն, որ Ոստիկանությունը որեւէ չարաշահում թույլ տա, նման բան չկա, մենք հասարակական կարգն ենք պահելու, եւ ինչքան ուզում է իրենք հուզվեն, մենք մեր արած ամեն մի հայտարարության համար պատասխանատու ենք»:
«Դուք ձեր հայտարարության մեջ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական եւ Քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, ի՞նչ միտումներ եք նկատի ունեցել», – այս հարցին էլ Ներսես Նազարյանը արձագանքեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները արդեն սկսել են «սադրանքներ հրահրել», այսօր արդեն ոստիկանների հետ վիճաբանության, քաշքշուկի եւ «ոստիկանին հարվածելու» դեպք է եղել:
«Այ դա է նշանակում, որ արդեն փորձում են չափը անցնել, այ հենց դրանից ենք զգուշանում, որը որ կանխատեսում էինք, եւ նման բաներ արդեն փորձում են իրենք անել», – ասաց Երեւանի ոստիկանապետը