Ես դեռ տարեց չեմ և կպայքարեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար. Լևոն Արոնյան
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն ադրբեջանական Echo.az կայքին տված հարցազրույցի ժամանակ ամփոփել է Հավակնորդների մրցաշարի արդյունքները, ինչպես նաև փորձել է կանխատեսել Կարլսեն – Անանդ դիմակայության ելքը:
Հաշվի առնելով, որ դուք չկարողացաք մրցաշարում զբաղեցնել առաջին հորիզոնականը, կարելի՞ է ասել, որ այն Ձեզ համար անհաջող էր:
-Այո, դուք իրավացի եք, մրցաշարում գլխավորը հաղթանակն էր, ինչն ինձ չհաջողվեց:
-Ո՞ր պահն էր առանցքային Ձեզ համար այս մրցաշարում:
-Ինձ թվում է` առաջին հորիզոնականի համար պայքարի տեսակետից այդպիսի պահերը շատ էին: Սակայն, իհարկե, Սվիդլերից կրած պարտությունը վճռորոշ եղավ: Այդ պարտիայում ահավոր խաղացի և շատ դժգոհ էի ինքս ինձնից:
Այսինքն Բորիս Գելֆանդից կրած առաջին պարտությունն այդքա՞ն էլ չազդեց Ձեր հոգեբանական վիճակի վրա:
-Ոչ: Իհարկե, նույնպես տհաճ էր, սակայն ես հաջորդ տուրում հաղթեցի: Իսկ ահա Սվիդլերից կրած պարտությունից հետո հասկացա, որ չեմ կարող պայքարել առաջին տեղի համար:
Շատ մասնագետներ, գնհատելով Ձեր ելույթները, պնդում են, որ դուք չդիմացաք մրցաշարի լարվածությանը:
-Ինձ թվում է, որ մեծ հաշվով նրանք ճիշտ են: Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեմ իմ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը:
Չնայած որ Մագնուս Կարլսենը համարվում էր մրցաշարի բացահայտ ֆավորիտ, նրան չհաջողվեց վստահ հաղթանակ տանել…
– Լոնդոնի Հավակնորդների մրցաշարը շատ ուժեղ կազմ ուներ, և դժվար է նշել որևէ շախմատիստի, ով առանձին պարտիայում չի կարող հաղթել Մագնուսին կամ մրցաշարի մյուս մասնակիցներին: Օրինակ, Ռաջաբովն առաջին շրջանում քիչ էր մնում հաղթեր Մագնուսին: Այնպես որ մրցաշարի կազմը հավասար էր: Դրա մասին է խոսում մրցաշարի երկու ֆավորիտների` Կրամնիկի և Կարլսենի պարտությունը վերջին տուրում: Բոլորը պայքարում էին և ցանկանում էիր ցույց տալ իրենց լավագույն կողմից:
Շա՞տ էիք հիասթափվել, որ չկարողացաք պայքարել առաջին տեղի համար:
– Իհարկե, հիասթափվել էի, սակայն չեմ կարող ասել, որ իմ խաղով արժանի էի հաղթանակի: Ընդհանուր առմամբ, անհաջող խաղացի: Ճիշտ է, առաջին շրջանում լավ արդյունքներ ցուցադրեցի, սակայն մրցաշարն ուներ նաև երկրորդ շրջան:
Դեռ չեմպիոն դառնալու հույսեր պահպանո՞ւմ եք:
– Այո, իհարկե: Ես դեռ տարեց չեմ, եթե կարելի է այդպես ասել: Կփորձեմ ցուցադրել իմ լավագույն խաղը, որոշ փոփոխություններ կանեմ, որոնք ներկա պահին ինձ համար կարևոր են:
Վիշվանաթան Անադ – Մագնուս Կարլսեն խաղում ո՞ւմ հնարավորություններն են ավելի բարձր:
-Կարծում եմ` Մագնուսը հիանալի հնարավորություն ունի դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Սակայն դա նրա համար հեշտ չի լինի: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Վիշի Անանդն այսպիսի խաղերում շատ ուժեղ է հանդես գալիս: Հետաքրքրիր կլինի հետևել այս շախմատիստների մենամարտին:
Ձեր համար անակնկա՞լ էր Թեյմուր Ռաջաբովի անհաջող ելույթը:
-Իհարկե, Ռաջաբովի այդպիսի ելույթը բոլորի համար էր անակնկալ, այդ թվում` ինձ, քանի որ նա կայուն է խաղում: Հնարավոր է` իր դերը խաղաց լարվածությունը, քանի որ մրցաշարը կազմակերպվել էր ադրբեջանակ SOCAR ընկերության կողմից, ուստի նա փորձում էր պայքարել բոլոր պարտիաներում, իսկ դա վտանգավոր է: Սակայն մեծ անհաջողությունները երբեմն նպաստում են մեծ հաջողությունների հասնել, այնպես որ կարծում եմ` Ռաջաբովը դեռ կպայքարի թագի համար:
Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:
-Թեյմուրն ուժեղ շախմատիստ է և իմ խորհուրդների կարիքը չունի:
Բաքվում կայանալիք շախմատային Օլիմպիադայի թեման բազմիցս քննարկվել է, և դուք մի քանի անգամ նշել եք, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունը կախված է երկու երկրների հարաբերություններից: Հնարավո՞ր է, որ Բաքվում Հայաստանի հավաքականի մասնակցությունից հետո Ադրբեջանի հավաքականը հանդես գա Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունում:
-Դա, իհարկե, հաճելի կլիներ բոլորիս համար: Այժմ չեմ կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, եթե Ադրբեջանի հավաքականը մասնակցի Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ինձ համար դժվար է խոսել ողջ թիմի անունից: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի մեկնել Բաքվում, ցանկանում եմ լինել այդ քաղաքում: Սակայն պետք է օբյեկտիվ լինել. անցած տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ ամեն ինչ հարթ չէ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը