Նեխուրի մոգական գաղտնիքները
Նեխուրը հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Առավել հայտնի է նեխուր բուրավետը (Apium graveolens)։ Առաջին տարվա ընթացքում զարգանում է խոշոր` մինչև 30-50 սմ երկարությամբ տերևներ ունեցող մերձարմատային վարդակը։ Երկրորդ տարում գոյանում է ուղղաձիգ, սնամեջ, ճյուղավորվող` մինչև 1 մ բարձրությամբ ցողունը։ Ծաղիկները մանր են, սպիտակ, հավաքված վահանաձև մեծ ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մուգ շագանակագույն են, գնդաձև, պարունակում են երկու սերմ։ Ծաղկում է հուլիսին, պտուղը հասունանում է օգոստոսին։
Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են, որտեղ հանդիպում է մինչև մեր օրերը` բնական պայմաններում։
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։ Ավելի քան երկու հազարամյակ անց դեղաբույսերի հայտնի գիտակ պրոֆեսոր Ա. Դ. Տուրովան գրել է. «Նեխուրը խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի նշանակմամբ` ախորժակը լավացնելու և մարսողական գեղձերի ֆունկցիան ուժեղացնելու համար, սերմերից և արմատապտղից պատրաստված թուրմի ձևով»։
Հին Հունաստանում նեխուրը համարվել է «սուրբ» բույս. ճյուղերից պատրաստված տերևներով զարդարել են տաճարները, հաղթանակած մարզիկների գլուխները, տները։
Փայլուն, կարծես թե հատուկ հղկված և լաքապատված տերևների շնորհիվ բույսը ստացել է «սելինոն»=փայլ անվանումը։ Հոմերոսը գովերգել է «սելինոնը» իր «Իլիականում» և «Ոդիսականում»։ Պահպանվել են տվյալներ, որ հույները կիրառում էին «սելինոնը» բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։
Հունաստանում և Սիցիլիա կղզում նեխուրը պատկերել են դրամների վրա։
Սելինոնը հարգի է եղել նաև Հին Հռոմում, որտեղ նկատել են բույսի կարևորագույն արժանիքներից մեկը. «Սելինոնի բուրավետ արմատում մեծ ուժ է թաքնված, որը ավելացնում է երիտասարդների կիրքը, իսկ տարեցների մոտ սիրո ցանկություն է առաջացնում»,- գրել է պոետ և հայտնի խոհարար Ապիցիուսը։
Ապիցիուսի ստեղծագործության արձագանքը դարեր անց մարմնավորվեց 12-րդ դարում ի հայտ եկած, միջնադարյան «Տրիստան և Իզոլդա» հայտնի սիրավեպում։ Շատերի կարծիքով` հայտնի սիրո ըմպելիքը.
* 100 մլ նեխուրի և 50 մլ տանձի (կամ 25 մլ խնձորի) հյութերի խառնուրդ էր։
Հետաքրքիր է, որ շատ եվրոպական երկրներում պահպանվել է հետևյալ հնագույն սովորույթը. առաջին ամուսնական գիշերը նորապսակների անկողնու գլխավերևը կախում էին նեխուրի մատղաշ տերևներից պատրաստված փոքրիկ պսակ։ Չի բացառվում, որ Տրիստանի և Իզոլդայի սիրո պատմությունը, որը «ծնվել» է կելտաբնակ Իռլանդիայում և Կորոնուէլում, ունի շատ հին փոքրասիական արմատներ։
15-16-րդ դարերում նեխուրը «գրավեց» Ֆրանսիան և աստիճանաբար տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիացիները նրբահամ բանջարեղենից պատրաստված կերակուրների սիրահար են, նրանք նեխուրին տվեցին «Սելերի» անվանումը։
Այս առիթով արժե հիշել, որ մի քանի տարի առաջ ֆրանսիական խոհանոցը ճանաչվել է որպես պատմամշակութային արժեք, ինչը բացառիկ երևույթ է։
գ Ըստ հավաստի պատմական տեղեկույթների` մոտ 60 տարի թագավորած Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 15-րդի (1710-1774թթ.) սիրուհի մադամ Պոմպադուրի կազմած սննդակարգում ընդգրկված են եղել նեխուրով, խնձորով և ընկույզով պատրաստված աղցանը.
-Խառնեք 200 գ նեխուրի և 150 գ խնձորի քերուկ, 50 գ մանրացրած ընկույզ։ Կերեք
100 գ կաթնասերի հետ։ Օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Հայտնի են մշակովի նեխուրի երեք հիմնական տեսակներ։
*Տերևային` օգտագործվում է որպես համեմունք` աղցանների և պատրաստի ուտեստների մեջ։
* Կոթունային կամ ցողունային` ուտում են թարմ վիճակում, ավելացնում են եփվող կերակուրների մեջ։
* Արմատային կամ արմատապտղային` ուտում են հում և եփված վիճակում, պատրաստում են մարինադներ, չորացնում են։
Բուժումներ նեխուրի հյութով
Կոթունային և արմատային նեխուրից ստացված հյութը կիրառվում է արյունատար անոթների պատերի բարձր թափանցելիության դեպքում։ Վաղուց ի վեր հայտնի է, որ հյութը մեղմացնում է ամառային տապի ազդեցությունը.
գ Խմեք 50-ական մլ հյութ` նախաճաշից և ճաշից 15 րոպե առաջ։ Հյութն ունի մարմնի ջերմությունը կարգավորող հատկություն։
Հակաուռուցքային կոկտեյլ. խառնեք գազարի, բազուկի և նեխուրի հյութեր (2։2։1)։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Խորհուրդ է տրվում տարեց մարդկանց։ Կոկտեյլն ունի արյունաստեղծ հատկություն։
Խորհուրդ է տրվում նաև առատ դաշտանի դեպքում։
* Հյութաքամիչի օգնությամբ խառնեք 225 գ գազարից, 150 գ նեխուրի և 50 գ մաղադանոսի կանաչ զանգվածներից ստացված հյութերը։
* Խմեք 2-ական ճ/գ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Շարունակեք 1 ամիս։ Կոկտեյլն ունի բարերար ազդեցություն լյարդի վրա։
Ճարպակալում. Խառնեք նեխուրի հյութ և մեղր (1։1)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 2 անգամ։
Ալերգիա (դիաթեզ, եղնջատենդ). Խմեք 1-ական թ/գ նեխուրի արմատից (կամ` 2-ական թ/գ կանաչ զանգվածից) ստացված հյութ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Շագանակագեղձի բորբոքում.
* Խառնեք կիտրոնի և կոթունատերևային նեխուրի հյութեր, մեղր (1։1։1)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 2 անգամ, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ։ Պահեք սառնարանում։
* Խառնեք քաղցր պղպեղի և նեխուրի հյութերը (5։1)։ Խմեք 20-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Ավելացրեք չափաքանակը օրը 15 մլ-ով` մինչև 150 մլ, որից հետո նվազեցրեք չափաբաժինը` օրը 10 մլ-ով։
Դիսբակտերիոզ. Խառնեք գազարի, նեխուրի, մաղադանոսի, սպանախի հյութերը (7։4։2։3)։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք երկու շաբաթ։
Ցավոտ դաշտան. Խմեք 60-ական մլ նեխուրի հյութ` օրը 2 անգամ, ճաշից կես ժամ առաջ և 1 ժամ հետո։
Օրգանիզմի դիմադրողականությունն ամրացնող և մարսողությունը կարգավորող. Խմեք 50-ական մլ նեխուրի հյութ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 2-3 շաբաթ, ընդմիջեք 7-10 օր, կրկնեք 2-3 անգամ։
Ռևմատիզմ. 1 ճ/գ նեխուրի հյութը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, փաթաթեք տարան լաթով։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Շաքարային դիաբետ, գիրություն. 1 ճ/գ նեխուրի հյութը խառնեք ցանկացած ճարպակալումը կանխարգելող հյութի (կոկտեյլի) հետ։ Նեխուրը պարունակում է ճարպագոյացմանը խոչընդոտող և ինսուլինի ակտիվությունը բարձրացնող ցինկ (մոտ 1 մգ` 100 գ թարմ հումքի մեջ), նաև ինսուլինանման նյութեր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Պահեք սառնարանում։
Մաշկի բորբոքում, վնասվածք, կապտուկ. Խառնեք նեխուրի հյութ և խնձորի (խաղողի) քացախ, կես թ/գ կերակրի աղ։ Դրեք թրջոցներ։
Արյունը մաքրող.
* Խառնեք խատուտիկի և նեխուրի հյութերը (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
* Խառնեք եղինջի և նեխուրի հյութերը (3։1)։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։
Շարունակեք 28 օր, ընդմիջեք 14 օր, կրկնեք 2-3 անգամ։
Խատուտիկի հյութը կարելի է պահածոյացնել։
* Աղացեք արմատը և վերգետնյա մասը, զտեք հյութը, խառնեք օղու հետ (5։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 1-2 անգամ, վերոգրյալ նեխուրի հյութի և մեղրի խառնուրդի հետ։
Զգուշացում։ Նեխուրի հյութը հակացուցված է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման դեպքում, հղիներին և կերակրող մայրերին։
Որպես բուժիչ հումք` օգտագործվում են նեխուրի թարմ և չորացրած արմատը (արմատապտուղը), կոթունը, տերևը և սերմը։ Արմատը և տերևը պարունակում են լորձ, կումարին, կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, ասպարագին, վիտամիններ B1, B2, նիացին, քոլին, E, օրգանական թթուներ։ Տերևները պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղեր, ֆլավոններ, A և C վիտամիններ։
Նեխուրի արմատապտուղը պարունակում է` 1,5 տոկոս սպիտակուցներ, 6,5 տոկոս ածխաջրեր, 1 տոկոս բջջանք, պեկտին, ասպարագին, մաննիտ, օրգանական թթուներ, գլիկոզիդներ, եթերային յուղեր, կալիում` 395 մգ (100 գ հումքի մեջ), կալցիում` 65 մգ, մագնիում` 35 մգ, ֆոսֆոր` 25 մգ, յոդ 2,5 մկգ, երկաթ, ցինկ, նաև կումարին, վիտամիններ` B1, B2, B6, նիացին, K, E, C, կարոտին, քոլին, ամինաթթուներ, և այլն։
Տերևներում ավելի շատ է կալիումը` 870 մգ, ֆոսֆորը` 80 մգ, կալցիումը` 70 մգ, կարոտինը (մոտ 4 անգամ), C վիտամինը (մոտ 50 անգամ), եթերային յուղերը, ֆլավոնները։ Տերևներրը պարունակում է ֆոլիաթթու, գլիկոզիդ ապին, քլորոֆիլ։ Սերմերը պարունակում են 2-6 տոկոս եթերային յուղեր։ Նեխուրը հարուստ է նատրիումով, բուրավետ, դառնահամ սերմերը մանրացնում և խառնում են կերակրի աղի հետ։ Նման աղերը հարգի են ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, աղը հաճախ պարունակում է նաև նեխուրի մանրացրած արմատ և տերև։
Բուժիչ հատկություններ ունեն բույսի բոլոր մասերը` թարմ և չորացրած վիճակում։ Բույսը լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ։ Այուրվեդայում=գիտություն երկարակեցության մասին, համարվել է, որ նեխուրը նպաստում է մտավոր զարգացմանը։ Չինական բժշկությունն օգտագործել է նեխուրը` որպես հիպոտենզիվ միջոց։ Ժամանակակից հետազոտությունները ոչ միայն հաստատել են դարերի պատմություն ունեցող դեղատոմսերի ճշմարտությունը, այլ նաև հայտնաբերել բույսի նոր բուժիչ հատկություններ։ Նեխուրն ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում։
Նեխուրի թուրմն ունի դրական ազդեցության մեծ ոլորտ` օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, արյունաստեղծմանը, ունի ցավամոքիչ, հակաբորբոքային, հակաալերգիկ հատկություններ։
Թուրմ. 2 ճ/գ թարմ (1 ճ/գ չորացրած) արմատը 2 ժամ թրմեք 200 մլ սառը` նախօրոք եռացրած ջրում։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Վերքեր, տրոֆիկ խոցեր, այրվածք. Աղացեք նեխուրի թարմ վերգետնյա մասը, խառնեք հալեցրած կարագի հետ։ Պահեք հով, մութ, տեղում։
Որպես առաջին օգնություն` վնասված մասի վրա դրեք թարմ, տրորած տերև։
Օրգանիզմը մաքրող. 20 գ չոր խոտը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Երիկամների բորբոքում, շաքարային դիաբետ. 40 գ չոր խոտը 15 րոպե եփեք 400 մլ ջրում` թույլ կրակի վրա, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։
Առնականության կեղծ անկում. Խառնեք 100-ական գ նեխուրի տերև, հոռոմ-սամիթի (ռազիան) պտուղ, 1 ամիս թրմեք 1 լ չոր, սպիտակ գինու մեջ, օրը 1-2 անգամ, թափահարեք, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
Միզապարկի բորբոքում. Խառնեք նեխուրի տրորած սերմ և մեղր (1։1)։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։
Նեխուրի դերը կնոջ կյանքում
Բույսի օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնող, նյութափոխանակման գործընթացը կարգավորող, նյարդերը հանգստացնող, սեռական օրգանների արյան մատակարարումը լավացնող հատկությունները հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Այս հատկանիշները կարևոր են ցավոտ դաշտանի, պաթոլոգիաներով ուղղորդվող դաշտանադադարի ժամանակ։
Խորհուրդ է տրվում տարին 4 անգամ կատարել հետևյալ կանխարգելիչ բուժումը. Կես թ/գ նեխուրի սերմը 10 ժամ թրմեք ջերմապահի մեջ, 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս, սկսեք կատարել առնվազն 35 տարեկանից հետո։
Կալիումի և մագնիումի աղերի առկայության շնորհիվ նեխուրի թարմ կանաչեղենի հյութն օգտակար է սրտանոթային համակարգի խանգարումների դեպքում և կարգավորում է կալցիումի յուրացման գործընթացը, ինչի շնորհիվ կանխարգելվում է օստեոպորոզի զարգացումը։
* Խմեք 2-ական թ/գ նեխուրի կանաչ զանգվածից ստացված հյութ` ուտելուց կես ժամ առաջ։ Օգտակար է տարեց կանանց։
Շարունակեք 1 ամիս, կրկնեք 1 ամիս հետո։
Նեխուրի հյութն օգտագործելիս կարևոր է իմանալ, որ չի կարելի խախտել նշված չափաբաժինները։
Նեխուրի տերևները լավ են պահպանվում աղի մեջ. Մանրացրեք թարմ տերևը, խառնեք աղի հետ (5։1)։
Նեխուրի կանաչ զանգվածից ստացված պատրաստուկներն օգտագործվում են մաշկի խնամքի համար։
Թարմացնող լոսյոններ.
* Մանրացրեք 50 գ թարմ տերև, 3 ժամ թրմեք 200 մլ տաք ջրի մեջ (60-70 C)։ Օրը 2 անգամ մաքրեք դեմքը։ Նախատեսված է չոր մաշկի խնամքի համար։
* 1 ճ/գ հազարտերևուկի չոր խոտը 1,5 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ նեխուրի կանաչ զանգվածից ստացված հյութ։ Նախատեսված է ճարպոտ մաշկի խնամքի համար։
Համակցված մաշկ` երբ կան և չոր, և ճարպոտ հատվածներ.
* 2 ճ/գ մանրացրած ցողունը (կոթունը) 5 րոպե եփեք 150 մլ գարեջրի մեջ (գույնն էական չէ), 30 րոպե թրմեք։ Լուծեք թուրմի մեջ 1 թ/գ կիտրոնի հյութ և 1 ճ/գ թթվասեր։ Քսեք դեմքին, պարանոցին, 15 րոպեից լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով։
Լոսյոն` խնդրահարույց մաշկ. 2 ճ/գ քարխոտի թարմ ծաղիկը 1 ժամ թրմեք տաք ջրում։ Թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ նեխուրի կանաչ զանգվածից ստացված և 1 ճ/գ կիտրոնի հյութեր։ Մաքրեք դեմքն օրը 2 անգամ։
Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներից: