ՀՀ սահմանադրություն. ֆանտաստիկ գրականություն

«Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի հաջորդականությունը, ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը»,- տարակուսած ստատուսներ են հայտնվում սոցիալական ցանցերում: Տալիս են մարդիկ այս հարցն` վստահ, որ հարցն ահավոր սուր է, պատասխան չենթադրող, հետևաբար և` կարելի է արժեզրկված համարել Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը, այդ թվում` ծոմը: Իսկ «Ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը» հարցի պատասխանը կա մի ժողովածուում, որի վրա գրված է` «ՀՀ սահմանադրություն»: Այնտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով:
Հետևաբար, վերոնշյալ հարցն օրախնդիր չէ. ընտրողների մեծամասնությունը քվեարկել է ընդդեմ իշխանությունների, ինչից կարելի է պարզ մի հետևություն անել` իշխանությունն այլևս չի պատկանում Սերժ Սարգսյանին: Իրավական ճանապարհով այս փաստը հաստատել մեր երկրում հնարավոր չէ: Սակայն ակնհայտ է, որ ընտրողների ձայների մեծամասնությունը եղել է հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի:
Թերահավատորեն հետաքրքրվելով` ինչպե՞ս պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը վերցնի իշխանությունը` արդարացնում ենք ձայնագողությամբ զբաղվող իշխանություններին, մարդկայնորեն հասկանում ու հիմնավորում նրանց քայլերը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե պատրաստվում է առաջնորդվել սահմանադրությամբ: Մենք գիտենք, որ սահմանադրությունը մեր երկրում պարալիզացված է: Առաջնորդվել սահմանադրությամբ` նշանակում է, ի վերջո, գործ ունենալ Գագիկ Հարությունյանի հետ: Այսինքն` դեմ առնել պատին: Եվ ի՞նչ է ստացվում. կարելի է հասկանալ Սահմանադրությունն ու ՀՀ քաղաքացիների ընտրությունն արհամարհող իշխանություններին, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ հաղթած թեկնածուին, ով թող որ ծոմով կամ այլ` մեզ համար անհասկանալի քայլով, հարգում է Սահմանադրությունն ու մեր ընտրության իրավո՞ւնքը: Եվ հրապարակ է իջեցվում պրետենզիան` ինչպե՞ս պետք է մեկը պայքարի նրանց դեմ, ովքեր, ըստ էության, չեն ցանկանում հեռանալ իշխանությունից` թեև ընտրված չեն:
Այս դեպքում կարելի է հարցն ուղղել յուրաքանչյուրիս, ընդ որում` ակնկալելով նույնքան պատասխանատվություն, որքան նրանից, ում օգտին քվերակել ենք և ումից պահանջում ենք լինել Սողոմոնից իմաստուն: Ի՞նչ ենք անում` մեր ձայնը, քվեն պաշտպանելու համար:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանից ակնկալում ենք քայլերի հաջորդականություն, ինքներս մեզ պետք է հարցնենք` իսկ մե՞նք ինչպես ենք դա պատկերացնում: Նրանք, ովքեր իրենց ձայնը տվել են այս իշխանությունների դեմ և, ինչպես ինքս, իրենց ձայնը չփոշիացնելու համար քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի անվան դիմաց, կարծում են, թե իրենց դիրքորոշումն արդեն պայքար է: Եվ, առհասարակ, ոչ մի այլ պարտավորություն իրենք չունեն, քանի որ քվեարկել են ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ Սերժ Սարգսյանի դեմ: Սակայն պատասխանատվությունը թողնել Րաֆֆիի վրա, նստել տանն ու զայրանալ` ինչու տրամաբանություն չեն տեսնում նրա գործողությունների մեջ, նույնքան անտրամաբանական է: Համեմատություններ են արվում 2008-ի և այսօրվա միջև` եզրակացությամբ, որ 2008 թ.-ի շարժումը նպատակային էր, ուղղված էր համակարգը կազմաքանդելուն: Իսկ այսօր նման հեռանկար չի երևում, ամեն ինչ կասկածելիորեն խաղաղ է: 2008-ին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում բղավում էր «Ման-վել, Ման-վել», և հավաքվածներն ունիսոն վանկարկում էին: Այսինքն` ընդդիմության առաջնորդը հիացած բացականչում էր այն խորհրդանիշերից մեկի անունը, ում նմանների դեմ պայքարելու համար մարդիկ գնում էին իր ետևից: Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած էր ժամանակին Կալանավայրերի վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, որն իր սադիզմով, գազանություններով հայտնի էր հատկապես 1996 թ-ի իրադարձություններից հետո ձերբակալվածներին: Եվ 2008-ի մարտի 1-ին, անգամ նրանք, ովքեր դեմ էին Տեր-Պետրոսյանին, Ազատության հրապարակում տեղի ունեցածից հետո, երբ խաղաղ, քնած մարդկանց վրա հարձակվեցին ներքին զորքերն ու ոստիկանները, դուրս եկան փողոց` պատրաստ գնալ մինչև վերջ` «կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը»: Տասը զոհ տվեցինք, մինչև հնչեց` «Գնացեք տուն»:
Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում: «Իշխանությունների կազմաքանդման» այդ ճանապարհը, ինչպես համոզվեցինք, տալիս է զոհեր և տանում ոչ թե նախագահի նստավայր, այլ միայն տուն: Այս իշխանությունը, որը նախորդի, իր նախորդի նախորդի կրողն է, պատրաստ է դարձյալ զորք հանել մարդկանց դեմ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ անի մարդկանց` դուրս գալ փողոց և, ըստ էության, վերադարձնել իշխանությունը ժողովրդին («ժողովուրդն», ի դեպ, սահմանադրական եզր է): Այս դեպքում մնում է ճշտել փոքրիկ մի հարց` ո՞ւմ երեխային ենք կանգնեցնելու առաջին շարքում:
Անհրաժեշտ է գիտակցության, արժեքների հեղափոխություն, և այդ դեպքում միայն ձայն չստացած իշխանությունն, առանց զորքի ու զոհերի, իրեն թույլ չի տա կառչել աթոռից: Իշխանությունների համար դրանից անպատվաբեր վիճակ չկա: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ մեր բոլոր նախագահները բարդույթավորված են. նրանք գիտեն, որ ընտրված չեն, և դա այդպես էլ չեն ներում: Չկա ոլորտ, որտեղ տեսանելի և հեռանկարային ծրագրեր իրականացվեն: Պաշտոնյաները մսխում են այնքան կարևոր ժամանակը` ոչինչ չանելով կամ բարդացնելով քաղաքացիների կյանքն այնքան, որ հավաքեն ճամպրուկները:
Եվ այսքանից հետո, իշխանություններին հարցնելու փոխարեն` ինչո՞ւ են իրենք պետական հեղաշրջում իրականացնում, ինչո՞ւ են բռնանում ընտրողների կամքի վրա, թերահավատորեն հետաքրքրվում ենք` ինչպե՞ս է պատկերացնում իր քայլերը Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե չի պատրաստվում շրջանցել Սահմանադրությունը, իսկ «Մա՜ն-վել» բացականչելա ազնիվ չի համարում:

Տեսանյութեր

Լրահոս