Նպաստել է Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելուն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հիմնավորված համարելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Արմինե Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը ու դատապարտել 2 տարի 8 ամսվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, բայց զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Ըստ 41-ամյա Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի, «գույքային օգուտ ստանալու նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2011թ. ապրիլ ամսին նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գոհար Կիրակոսյանի հետ: Ապա Թուրքիայում իրենց ղեկավարությամբ մարմնավաճառությամբ զբաղվելու և վաստակած գումարը միմյանց մեջ բաժանելու պայմանով, մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով 2011թ. ապրիլի 21-ին Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաք ժամանած Մարինա Ամրազյանին և Հայկանուշ Միկոյանին տեղափոխել է Անկարա քաղաքում գտնվող իր կողմից վարձակալած բնակարան: Այնտեղ բնակվելու ընթացքում նրանց հաճախորդներ ապահովելու, հյուրանոցներ տեղափոխելու, կատարած «աշխատանքի» քանակը և վաստակած գումարները հաշվառելու, կուտակելու եղանակով կազմակերպել և մինչև նույն թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է Մարինա Ամրազյանի և Հայկանուշ Միկոյանի կողմից պոռնկությամբ զբաղվելուն, նրանց վաստակած գումարներից ստացել է իր մասնաբաժինը:

Ամբաստանյալ Ա.Մկրտչյանը` մինչև դատաքննությունն սկսվելը միջնորդել էր կիրառել արագացված դատական քննության կարգ ու հայտարարել, որ համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանի որոշմամբ ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել էր:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, ամբաստանյալը հանցանքը կատարել է Թուրքիայի Հանրապետությունում, որի Քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասով նրա կատարած արարքը համարվում է հանցագործություն, ուստի ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատիժը չի կարող գերազանցել Թուրքիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի վերին սահմանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ արագացված դատաքննության պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, երկու երրորդը: Այն միաժամանակ փոքր չէ ամբաստանյալի կատարած հանցագործության համար Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավել մեղմ պատժից` 2 տարի ժամկետով ազատազրկումից:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս