Վրաստանի գլխավոր դատախազը հերքել է Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ քրեական գործ հարուցելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հերքել է այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանում բնակվող երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ հարուցվել է քրեական գործ:
Կբիլաշվիլին պատմել է, որ գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործով ձերբակալվածներից մեկն իր ցուցմունքներով իսկապես ակնարկել է Սոսո Պավլիաշվիլիի մասին, սակայն հետաքննությունը չի կարծում, որ դա բավականաչափ փաստ է` Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու համար: Երգչի փաստաբան Լևան Ջավախաձեն նույնպես հայտարարել է, որ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել:
Սրանից առաջ տեղեկատվություն էր հայտնվել, թե Սոսո Պավլիաշվիլիի դեմ հարուցվել է քրեական գործ: ԶԼՄ-ների տվյալներով` Պավլիաշվիլիին կասկածել են վրացի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանությունը պատվիրելու մեջ: Գործարարը սպանվել էր 2012 թվականի նոյեմբերին, Թբիլիսիում:
Դատախազության տվյալներով` տվյալ գործով ձերբակալվել է Պավլիաշվիլիի փեսա Վախթանգ Չխապելիան և ևս հինգ մարդ: Տվյալ գործով դատական առաջին նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում անցկացվել է երեկ: Ավելի վաղ Պավլիաշվիլին հայտարարել է, որ հանդիսացել է գործարարի լավագույն ընկերը և անհեթեթյուն է որակել այն տեղեկատվությունը, թե ինքը մասնակից է նրա սպանությանը: