Սերժն ու Րաֆֆին՝ ընդդեմ Ռոբերտի ու Լևոնի

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությունը քննարկվում է առավելապես մակերեսային հարթությունում, արժանանում է հեգնանքի, անգամ ծաղրի: Բայց այդ նամակագրությունն իրականում ընթացիկ քաղաքական շրջափուլի տրամաբանական արտահայտությունն է՝ այլընտրանք չունեցող արտահայտությունը:
Իհարկե, թե՛ Ս. Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանն իրար ուղղվող նամակների միջոցով նպատակ ունեն նաև արտաքին աշխարհին ցույց տալ իրենց ժողովրդավարական, հանդուրժող, խաղաղասեր  լինելը: Բայց այդ նամակները, կրկնում ենք, ավելի խորքային գործընթացի դրսևորումն են, որն արդեն բխում է ներքին քաղաքականության տրամաբանությունից: Իսկ այդ տրամաբանությունը, եթե պարզ ձևակերպենք, հետևյալն է. Երևանի ավագանու ընտրություններից առաջ ստեղծված ներքաղաքական դասավորությունը Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին այլ տարբերակ չի թողնում, քան համագործակցելը, դաշնակցելը իրար հետ: Առանց դրա, երկուսն էլ՝ իրենց քաղաքական ուժերով հանդերձ, կարող են լուրջ խնդիրներ ունենալ արդեն իսկ տեսանելի նոր, բայց միևնույն ժամանակ՝ հին քաղաքական հակադիր բևեռի պատճառով: Խոսքը, բնականաբար, ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ՝ դեռևս ոչ ֆորմալ, բայց նաև ֆորմալ դառնալու հավանականություն ունեցող միավորման մասին է: Նշված երեք ուժերի ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Երևանում իշխանությունը վերցնելու միջոցով՝ ամբողջական իշխանությունը վերցնելն է: Իհարկե, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի անդամները չեն համարձակվում  ուղղակիորեն հայտարարել, թե ցանկանում են ավագանու միջոցով հասնել իշխանությունից Ս. Սարգսյանի հեռացմանը, այդ դերը վերապահված է ՀԱԿ-ականներին: Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այս միավորման մաքսիմում և մինիմում ծրագրերն ակնհայտ են. առավելագույն նպատակն է՝ հաղթել ընտրություններում և վերցնել Երևանը, նվազագույնը՝ ԲՀԿ-ի առաջնորդությամբ գրավել երկրորդ հորիզոնականը և զբաղեցնել Րաֆֆի Հովհաննիսյանի տեղն ընդդիմադիր դաշտում, վերջինիս զրկել ընդդիմության առաջնորդի կարգավիճակից: Այսինքն՝ նրանք պայքարելու են և՛ ՀՀԿ-ի, և՛ «Ժառանգության» դեմ, բայց պայքարելու են միասնաբար՝ երեք ուժերով: Հենց այս հանգամանքն է, որ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը դարձնում է անխուսափելի: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե գործարքային, ստվերային համագործակցության, այլ բացառապես քաղաքական տրամաբանությունից դրդված համագործակցության մասին է:
Իրավիճակի նրբությունն այն է, որ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ միավորման դեմ առանձին պայքարելու դեպքում, թե՛ Ս. Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ դժվարություններ են ունենալու, քանի որ այդ պարագայում ստիպված են լինելու պայքարել նաև իրար դեմ: Բնականաբար, խոսքը ներքին պայքարի մասին է. հրապարակավ պայքարի տպավորություն, այսպես թե այնպես, լինելու է, ավելին՝ չպետք է բացառել, որ համագործակցության խորացմանը զուգահեռ՝ ՀՀԿ-ի և «Ժառանգության» միջև պայքարը հայտարարությունների մակարդակում ավելի սուր արտահայտություն ստանա:
Այս իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա առաջնորդած շարժման թուլացումը չի բխում Ս. Սարգսյանի շահերից, քանի  որ դրա արդյունքում կարող է հանրային ընկալման մեջ որպես ընդդիմադիր բևեռ ամրագրվել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ դաշինքը, ինչը, հասկանալի պատճառներով, չի կարող շահեկան լինել գործող իշխանության համար: Հետևաբար պետք չէ բացառել, որ առնվազն մինչև Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունը կփորձի նաև աջակցելով թույլ չտալ Ազատության հրապարակի «անկումը»: Որովհետև, կրկնում ենք, հրապարակը շատ արագ կարող է լցվել ավտոբուսներով մարզերից Երևան բերված «քաղաքացիներով»:
Երևանի ավագանու ընտրություններում Ս. Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան համագործակցության կայացման պարագայում չպետք է բացառել նաև քաղաքապետի պաշտոնը «Ժառանգությանը» զիջելու հնարավորությունը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն իր հավաքած տոկոսներով գրավի առաջին տեղը, բայց այդ տոկոսները պակաս լինեն միայնակ քաղաքապետ ընտրվելու համար պահանջվող 41 տոկոսից, իսկ «Ժառանգությունը»՝ իր  ստացած ձայներով գրավի երկրորդ տեղը՝ հետևում թողնելով ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին: Այդ դեպքում հնարավոր է՝ ՀՀԿ-ի և «Ժառանգության» միջև կոալիցիա ձևավորվի քաղաքային մակարդակով, և ՀՀԿ-ն՝ «մեծահոգաբար» համաձայնվի կոալիցիոն քաղաքապետի պաշտոնում առաջադրել Արմեն Մարտիրոսյանին:
Այս հնարավոր զարգացումը պայմանավորել միայն Երևանի ավագանու ընտրություններով, բնականաբար, միամտություն կլինի: Ընտրությունները միայն պատրվակ են դրանից հետո քաղաքական դաշտը վերաձևավորելու համար: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ միավորման համար կարևորը ոչ թե, ասենք, Երևանի կանաչապատման բնագավառում լծակներ ստանալն է, այլ այս ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորություն ստեղծելը: Իսկ դա նշանակում է, որ սա «մեծ խաղ է», բնականաբար՝ նաև «մեծ խաղացողներով»: Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի այդ խաղացողների անունները՝ Ռոբերտ Քոչարյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Նրանք չեն հանդուրժում, որ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դաշտում նոր՝ չորրորդ խաղացող է հայտնվել: Ս. Սարգսյանն էլ՝ իր հերթին, թերևս, առաջնորդվում է հայտնի բանաձևով՝ «ով ինձ խանգարում էր, նա էլ ինձ կօգնի»: Այնպես որ, ներկայումս ընթանում է դիրքային պայքար: Մի կողմում՝ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի, հակառակ կողմում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս