ՄԱԿ-ն առաջին անգամ խաղաղապահներին շնորհել է «հարձակողական մանդատ»
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ ուժերին հանձնարարել է հարձակվել առաջինը: ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել, համաձայն որի՝ խաղաղապահները պետք է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺՀ) արևելքում զինաթափեն ու չեզոքացնեն ապստամբներին:
Այդ «հարձակողական բանաձևի» օգտին քվեարկել են ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները՝ ներառյալ Ռուսաստանը: Դրանով իսկ ընդլայնվել է ԿԺՀ-ում ՄԱԿ-ի առաքելությունը: Ներկայումս այդ երկրում է գտնվում մոտ 20.000 խաղաղապահ, որոնք մինչ այս իրավունք ունեին միայն աջակցել կառավարական զորքերին:
Այժմ, համաձայն փաստաթղթի, միջազգային ուժերը ստեղծում են 3000 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում՝ զինյալների վրա ինքնուրույն, արագ ու դիպուկ հարձակումներ իրականացնելու համար: Հարձակողական ջոկատի մեջ ներառվել են ՀԱՀ-ի, Տանզանիայի ու Մալավիի զինվորները:
Խաղաղապահները հարձակողական գործողություններ իրականացնելու իրավունք են ստացել մինչև 2014 թվականի մարտի 31-ը: Մինչ այդ, բանաձևի համաձայն, ԿԺՀ-ի իշխանությունները պետք է ստեղծեն սեփական ուժեր՝ ապստամբներին հաջողությամբ հակազդելու համար:
«Հարձակողական բանաձևի» հեղինակներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Տոգոն: Փաստաթղթի տեքստում նշված է, որ բանաձևը հանդիսանում բացառություն և չպետք է դառնա նախադեպ: ԿԺՀ-ի արևելքում հակամարտությունը շարունակվում է 1994 թվականից: