Թուրքիան համաձայնել է Իրանի դեմ ամերիկյան միջմայրցամաքային ԱԹՍ-երի կողմից իր օդային տիրույթի օգտագործմանը

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ձեռնարկում է ամեն հնարավոր բան՝ խոչընդոտելու համար Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հավանության է արժանացրել է Թուրքիայի օդային տիրույթի՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առջև բացվելը:

Խոսքն առաջին հերթին գնում է RQ-4 Global Hawk միջմայրցամաքային ԱԹՍ-երի մասին, որոնք 36 ժամ անընդմեջ օդում մնալ կարողանալու շնորհիվ կարողանում են հաղթահարել մայրցամաքների միջև ընկած մեծ հեռավորությունը:

Այս մասին Թուրքիայի ռազմաօդային ակադեմիայի կողմից առաջին անգամ Թուրքիայում կազմակերպված Միջազգային ավիացիոն ու տիեզերական ուժերի կոնֆերանսում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչ Բենջամին Լամբեթը, ով ունի «ԿՀՎ-ական ծագում»: Կոնֆերանսին մասնակցել է բնակելի բոլոր մայրցամաքները ներկայացնող 57 երկրի 1000 ներկայացուցիչ:

Լամբեթի խոսքերով՝ RQ-4 Global Hawk ԱԹՍ-երը, հաղթահարելով միջմայրցամաքային տարածությունները և ժամերով մնալով օդում, զբաղված են տեղեկատվության հավաքմամբ: Դրանք արդեն իսկ լրտեսական գործունեություն են իրականացնում Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ:

Լամբեթը հավելել է, որ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում (Ադանայի մոտ) գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում են գտնվում ամերիկյան MQ-1 Predator ԱԹՍ-երը, որոնք ունակ են հարձակվել ամեն տիպի թիրախների վրա:

Նշվում է, որ 2003 թվականի իրաքյան պատերազմից առաջ էլ Թուրքիան թույլատրել էր, որ ԱՄՆ-ի U2 լրտեսական ինքնաթիռներն օգտագործեն իր օդային տիրույթը: Ոչ պատերազմական ժամանակ Թուրքիայի օդային տիրույթն այլ երկրների ԱԹՍ-երի կողմից օգտագործելու թույլտվությունը կայացնում է կա՛մ Գլխավոր շտաբը, կա՛մ կառավարությունը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Atomic Scientists ամսագիրը, գրեցին, որ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած «Ինջիրլիք» ավիաբազայում ներկայումս պահվում են 60-70 B61-12 տիպի միջուկային ռումբեր:

Սակայն ԱՄՆ-ն «Ինջիրլիք» ավիաբազայում չունի որևէ ինքնաթիռ, որը կկարողանա կրել դրանք, քանի որ Անկարան մերժել է ԱՄՆ-ին «Ինջիրլիք»-ում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայելու հարցում` պատճառաբանելով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը, և Թուրքիան կհայտնվի թիրախում: Այսինքն՝ ԱՄՆ-ը այդ ատոմային ռումբերը կրելու համար պետք է օգտվի իր այլ բազաներից, իսկ թուրքական ինքնաթիռներն էլ նախկինում իրավունք չունեին կրել դրանք:

Մինչդեռ այն բանից հետո, ինչ Թուրքիան համաձայնեց իր արևելյան հատվածում (Մալաթիայում) ամերիկյան ռադարի տեղակայմանը, Վաշինգտոնը Թուրքիային հանձնեց 10-20 ատոմային ռումբ, որոնք այսուհետ կարող են կրել թուրքական օդուժի 142-րդ էսկադրիլիայի F-16A/B տիպի ինքնաթիռները` ԱՄՆ թույլտվությամբ: 2017 թվականին «Ինջիրլիք»-ում պահվող B61-12 ռումբերը փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով:

Տեսանյութեր

Լրահոս