Մագաղաթ. անցյալի անգնահատելի գրելանյութ
Փոքր Ասիայի Պերգամոն պետության թագավոր Եվմենես Երկրորդը, ով ապրել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում, գրականության մոլի սիրահար էր: Իր պետության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ` Բերգամա, Թուրքիայում) նա որոշեց կառուցել հսկայական մի գրադարան: Այն ժամանակներում հիմնական գրելանյութը եգիպտական պապիրուսն էր, ուստիև պապիրուս գնելու նպատակով Եվմենես Երկրորդը Հունաստան գործուղեց մի խումբ մարդկանց: Հույները, սակայն, հրաժարվեցին նրանց պապիրուս վաճառել: «Չկա չարիք` առանց բարիքի» իմաստությունն այս պարագայում գործեց անվրեպ: Պերգամոնցի վարպետները հորթի և գառան կաշիները հատուկ մշակման ենթարկելով` մարդկությանը պարգևեցին նոր գրելանյութ: Պերգամոնի անվամբ այն կոչվեց պերգամենտ: Հայերը չընդունեցին այդ բառը և շրջանառության մեջ մտցրին «մագաղաթ» բառը: Ըստ Հրաչյա Աճառյանի` «մագաղաթ» բառը սեմական է և ծագում է «գլորել», «գալարել» արմատից: Հետաքրքրական է, որ Արցախում աղջիկներին անվանակոչել են նաև Մաքաղաթ: Սայաթ-Նովան իր հայերեն խաղերում երկու անգամ կիրառել է «մաքաղաթ» բառը: Մի դեպքում` որպես նուրբ մաշկ (Ձեռնիրըտ սիպտակ մաքաղաթ, լիզուտ օսկե ղալամի պես), մյուսում` որպես մագաղաթյա ձեռագրի վրա նկարված պատկեր (Օսկե վարաղնով վարաղնած սուրաթ-մաքաղաթըն դունի իս):
Պապիրուսի համեմատ` մագաղաթի առավելություններն ակնհայտ են: Նախ, այդ գրելանյութի երկու երեսին էլ կարելի է գրել: Ջրում լուծվող թանաքով գրված մագաղաթի վրայի գրվածը կարելի է ջնջել, լվանալ և փոխարենը ուրիշ բան գրել, ինչը հայտնի է պալիմպսեստ` կրկնագիր անվամբ: Կրկնագրերն այսօր հեշտությամբ վերծանվում են` երբեմն ի հայտ բերելով անցյալի նշանավոր երկեր: Բրիտանական թանգարանում կա մի մագաղաթ, որի վրա 11-րդ դարի սիրիական տեքստի տակ եղել է 9-րդ դարի հռոմեական տեքստը, իսկ վերջինիս տակ` 7-րդ դարի մի ձեռագիր: Վատիկանի գրադարանում հայտնաբերվել է հռոմեացի հռետոր, քաղաքական գործիչ և գրող Ցիցերոնի աշխատություններից մեկը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել է 5-րդ դարի քրիստոնեական աստվածաբան Ավրելիոս Օգոստինոսի ատենախոսություններից մեկը:
Մագաղաթի մյուս առավելությունը պապիրուսի նկատմամբ այն է, որ մագաղաթից կարելի է գրքեր պատրաստել, այսինքն` էջերը կարել ու ամրացնել կազմին: Մագաղաթը թանկ գրելանյութ է: Հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը հարուստ է բազում փաստերով, որոնք վկայում են, թե ինչպիսի թանկ գնով են մարդիկ շատ հաճախ ձեռք բերել այդ թանկարժեք գրելանյութը: Այսպես` 1668 թ. Մարգարիտ անունով մի հայուհի գնել է «Արթիկի ավետարանը» (որն այսօր պահվում է Երևանի Մատենադարանում)` փոխարենը տալով երկու եզ, երկու ձի և մեկ կով:
Մագաղաթի վրա գրված ամենահին ձեռագրերն են «Իլիականի»` մեր թվարկության մոտավորապես երրորդ դարին վերաբերող ընդօրինակության մի հատվածը, ինչպես նաև Աստվածաշնչի երեք ընդօրինակությունները, որոնցից մեկը` Վատիկանինը, վերաբերում է չորրորդ դարի սկզբին, մյուսը` սինայականը, չորրորդ դարի վերջին, և երրորդը` ալեքսանդրիականը` հինգերորդ դարին:
Մագաղաթը պատրաստում են հիմնականում հորթի, գառան, այծի, ուլի, քուռակի և նապաստակի կաշիներից: Առավել ընտիր մագաղաթի համար կիրառվել են եղնիկի և եղջերվի կաշիները: Ամենաթանկարժեք մագաղաթները պատրաստված են դեռևս լույս աշխարհ չեկած կենդանիների մորթիներից: Արցախում, Աղձնիքում և այլուր մագաղաթ պատրաստել են նաև ավանակի կաշվից, որը դժվար մշակելի է:
Հայաստանում մագաղաթ պատրաստել են նշանավոր գրչատներում, վաճառաշահ քաղաքներում` Անի, Երզնկա, Կարին, Դվին, Սիս: Հայոց կրոնական տոների ժամանակ, ինչպես հայտնի է, մեծ բազմություն էր հավաքվում վանքերում և եկեղեցիներում: Ուխտավորները զոհաբերված կենդանիների մորթիները նվիրում էին վանքի գրչատանը:
Մագաղաթ պատրաստելու համար ընտրված կաշին նախ մազազերծ է արվում, ապա երկու-երեք օր պահվում հանգած կրի լուծույթի մեջ: Հետագա լվացումից հետո կաշին ամրացվում է հատուկ շրջանակի վրա, մշակվում նախ` կավճով, և ապա` չեչաքարով` պեմզայով, որն այստեղ երկու նպատակով է կիրառվում: Նախ` հիանալի հարթեցնում է կաշին` դարձնելով այն ողորկ: Մյուս կողմից` կաշվին հպվելիս չեչաքարից անջատված մասնիկները «լցնում» են մազարմատների բաց մնացած «բները»: Հետագայում մագաղաթը որոշ ժամանակ պահվում է կերակրի աղի լուծույթի մեջ, ապա` երկարատև լվացվում ջրով, հետո էլ` սոդայի ջրային լուծույթով:
Հինգերորդ դարից մագաղաթի վրա գրված որևէ ձեռագիր մեզ չի հասել: Մինչև այժմ հայտնի մեզ հասած «Լազարյան ավետարանը» հայերեն ամենահին ամբողջական մագաղաթե ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է: Գրիչ և ծաղկող Սահակ Վանանդեցին այդ ձեռագիրն ավարտել է 887 թ.: 1899 թ. այն լուսապատճենահանմամբ հրատարակվել է Մոսկվայում:
1897 թ. Էջմիածնի Մատենադարանում արդեն կար շուրջ 3400 մագաղաթյա ձեռագիր: Մոտ տասը տարվա ընթացքում 1906 թ. ձեռագրերի թիվը հասնում է 3788-ի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին` 4660-ի: 1920 թ. դեկտեմբերի 17-ին Էջմիածնի Մատենադարանը պետականացվում է: 1922 թ. ապրիլին Մոսկվայից Հայաստան է վերադարձվում շուրջ 4660 ձեռագիր, որոնք 1915 թ. Մոսկվա էին տարվել պատերազմական արհավիրքներից զերծ պահելու մտահոգությամբ ու պահվում էին Մոսկվայի հայկական եկեղեցում: Այդ ձեռագրերին Էջմիածնի Մատենադարանում գումարվում է ևս 1730 ձեռագիր, որոնք հավաքվել էին 1915-1921 թթ.:
Կարճ ժամանակում Էջմիածնի Մատենադարան են մուտքագրվում Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական ազգագրական ընկերության, Երևանի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագիր հավաքածուներ: Մեծ թվով ձեռագրեր են հավաքվում նաև Էրզրումից, Նոր Նախիջևանից, Աստրախանից և հայաշատ այլ վայրերից: 1939 թ. Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվում է Երևան: 1960-ականների տվյալներով` Երևանի մաշտոցյան Մատենադարանում առկա էր շուրջ 10 հազար հայերեն ձեռագիր և չորս հազար ձեռագրական պատառիկ: Հրաշքով փրկված հայատառ մագաղաթե ձեռագրերն այսօր պահվում են Երևանի Մատենադարանում, Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների ձեռագրատներում, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում, Լոնդոնի բրիտանական թանգարանում, Փարիզի ազգային գրադարանում, Օքսֆորդի բոդլերյան գրադարանում, Կ.Պոլսի ազգային պատրիարքարանում, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում և այլուր:
Երևանի Մատենադարանում պահվող ամենախոշոր մագաղաթյա ձեռագիրը «Մշո Ճառընտիրն» է, որի յուրաքանչյուրի էջի համար ծախսվել է մեկ հորթի կաշի: Բացված վիճակում գիրքը դժվար է տեղավորել սովորական գրասեղանի վրա: Մատենադարանի ամենափոքր ձեռագիրը 18 գրամ է, լուցկու տուփից էլ փոքր: Ունի մագաղաթի անչափ նուրբ 104 թերթ: Ենթադրվում է, թե այդ ձեռագիրը պատրաստված է նորածին գառան մորթուց: Հազվագյուտ այդ ձեռագիրը գրվել է 1434 թ. Ղրիմի Կաֆա (ներկայումս` Թեոդոսիա) քաղաքում: Նշենք, որ Երևանի Մատենադարանում մագաղաթյա մատյանները պահելու համար ստեղծված են հատուկ եղանակներ:
Այսպիսով, հայ իրականության մեջ մագաղաթը, որպես գրելանյութ, գործածվել է 5-րդ դարից մինչև 9-րդ դարը: Դրանից հետո միաժամանակ կիրառվել են և՛ մագաղաթը, և՛ թուղթը, որն էլ աստիճանաբար դուրս է մղել մագաղաթին: Ընդհուպ մինչև 20-րդ դարը մագաղաթը միջազգային ասպարեզում որոշ դեպքերում հատուկ նպատակների համար կիրառվել է դիպլոմներ, զեկուցագրեր, պատվոգրեր, զինվորական արտոնագրեր, միջազգային առևտրի և այլ փաստաթղթեր պատրաստելիս: