«Ընկերություն-հասարակական կազմակերպություններ հակամարտությունը պետական մարմինների անգործության հետևանք է»

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հասարակական որոշ կազմակերպությունների մեղադրում է կանխամտածված անհիմն, փաստերին և իրականությանը չհամապատասխանող պնդումներ տարածելու մեջ: Ընկերության հայաստանյան մասնաճյուղն այս մասին հայտարարություն է տարածել և նշել, որ որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընկերության կողմից կազմակերպված հանրային լսումների մասին փաստաթղթերը ներկայացնում են ընտրողաբար, դիտավորյալ կեղծաբանում են դրանք: Բացի այդ, ընկերության հաղորդագրության համաձայն, «Գլոբալ Գոլդ Մայնինգի» գործունեության վերաբերյալ պարզ և անհերքելի փաստերը նենգափոխում են` իրականությանն անտեղյակ ձևանալու միջոցով: Այս արարքների մեջ մեղադրվող անձանց շարքում ընդգրկված է նաև Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի անունը: Վերջինս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերություն-հասարակական կազմակերպություններ հակամարտությունը պետական համապատասխան մարմինների անգործության հետևանք է:

««Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայաստանյան մասնաճյուղն իր հրապարակումներում  ասում է, որ Թուխմանուկի հանքավայրի շահագործումը շահեկան է Մելիք գյուղի համար, բնությանը բացարձակ վնաս չի պատճառում, չի խաթարում ջրագոյացման համակարգերը: Մենք նրանց պատասխանում ենք, որ իրենց ասածները հիմնազուրկ են և իրականությանը չեն համապատասխանում: Զարմանալի է, որ ընկերությունն իր ասածները գիտականորեն հաստատելու փոխարեն՝ վիրավորական արտահայտություններ է տարածում մեր հասցեին և վեճի մթնոլորտ է ստեղծում:   Ընկերությունը հայտարարում է, որ պոչամբարները կառուցված են բոլոր  պահանջներին համապատասխան, և նրանցից որևէ թունավոր նյութի թափանցումը դեպի ջրային և այլ միջավայր՝ բացառվում է,  որ պոչամբարի փոշին հանքաքարից է ստացվում և վնասակար չէ, պոչամբարի ջրավազանում ապրում են ձկներ ու գորտեր:  Մենք գրել ենք, որ Թուխմանուկի հանքաքարում առկա են կադմիում, մկնդեղ, մոլիբդեն, պղինձ, ցինկ, կապար, բիսմուտ, սելեն, թելուր, ծարիր, կոբալտ, տիտան, նիկել, վոլֆրամ, գալիում, վանադիում, գերմանիում և շատ այլ վտանգավոր նյութեր, որոնք ամբողջովին լցվում են պոչամբարը, իսկ այս նյութերը խիստ վտանգավոր են կյանքի համար. նվազեցնում են հողի բերրիությունը, առաջացնում են բազմապիսի հիվանդություններ, ունեն սաղմնաթունավոր, հրեշածին հատկություն, առաջացնում են գենետիկական խաթարումներ: Պետք է ասեմ, որ ընկերությունը լավագույնս գիտի, թե նշված նյութերը պոչամբարում ինչ  քանակություններով են առկա, և պետք է որ իմանա նրանց խիստ վտանգավոր հատկությունների մասին, սակայն մեր գրածն ընդունում է որպես վիրավորանք և իրեն թույլ է տալիս  վիրավորական բառեր օգտագործել մեր հասցեին: Տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունը լուրջ երկխոսությունից խուսափում է»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Ըստ Սանասարյանի՝ Թուխմանուկ հանքավայրի պոչամբարը տեղադրված է Գետիկ գետի վերին հոսանքում, ինչը լուրջ սպառնալիք է նաև Արարատյան դաշտավայրի համար:

Հակոբ Սանասարյանի խոսքով` ընկերությանը տրված լիցենզիայի (համար 05.08.05 ՀԱ-Լ-14/356) համաձայն՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին տրվել է 8,5 տարվա հանքահանման իրավունք: Համաձայն այդ փաստաթղթի` առաջին երկու տարիների ընթացքում հանքամարմինների հանքաքարերը արդյունահանվելու են բաց եղանակով: «Այդ երկու տարվա ընթացքում նրանք պետք է նաև խոռոչներ բացեին ստորգետնյա շահագործում իրականացնելու համար: 2 տարի անց  նրանք, ըստ փաստաթղթի, արդյունահանում պիտի անեին փակ եղանակով, սակայն ընկերությունը հանքը շահագործում է միայն բաց եղանակով: Ընկերությունը կամ պետք է ցույց տա, որ նոր՝ մեկ այլ լիցենզիա ունի, հակառակ պարագայում կստացվի, որ այն օրենքի  խախտումով է հանքը շահագործում:  Դրա հետ մեկտեղ՝ մեր ձեռքին է Թուխմանուկ հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքային նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը (07.07.2006թ., թիվ ԲՓ-71)՝ միայն  առաջին երկու տարիների համար»,- ասաց նա:

Հայաստանի կանաչների միության նախագահը խոսեց նաև ընկերության կատարած՝ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի նախագծի հասարակական լսումների մասին, որ տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 27-ին: «Որպես լսումների մասնակից` պիտի ասեմ, որ բուռն քննարկումներ եղան: Նոր պոչամբարի մասին միայն ընկերության ներկայացուցիչներն են դրական խոսել: Մյուս բոլորը մերժել են: Սակայն արձանագրության մեջ գրված է. «Որոշեցին հավանություն տալ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի նախագծի բնապահպանական մասին»: Սա բացահայտ կեղծիք է: Նաև՝ քննարկման վերջում գյուղապետը հայտարարեց, որ մեկ ամիս հետո, գյուղացիների կարծիքը հաշվի առնելով, կասվի վերջնական խոսքը` համաձա՞յն ենք, թե՞ ոչ: Բայց պարզվեց, որ հենց նույն օրը կազմել և ստորագրել են արձանագրությունը: «Գլոբալ գոլդը» պետք է պատասխան տա այս հարցերին և ոչ թե վիրավորական խոսքեր տարածի»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս