Բաժիններ՝

Վարդան Օսկանյանը չպիտի հույս դնի մադկանց կարճ հիշողության վրա. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Այսօր ինչ էլ գրես, կստացվի, որ գրում ես այս կամ այն քաղաքական թիմի օգտին կամ դեմ, չնայած ես անձամբ որևէ դեպքում նման մտադրություն չունեմ: Եվ քանի որ խոսք կգնա Վարդան Օսկանյանի մասին, որը Երևանի ավագանու ընտրություններով ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում է, նախօրոք ասեմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե պարոն Օսկանյանը դառնա Երևանի քաղաքապետ՝ գրագետ, կրթված մարդ է, կարողանում է իր մտքերը հասկանալի ձևով շարադրել: (Չնայած ինձ ավելի հոգեհարազատ է ՀԱԿ-ի ցուցակը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ):

Պարզապես քաղաքական գործիչները չպիտի հույս դնեն մադկանց կարճ հիշողության վրա, և երբ նրանք, մասնավորապես՝ պարոն Օսկանյանը, այսօր պայքարում են մամուլի ազատության համար, նրանք չպիտի մոռանան, որ տարիներ շարունակ այդ ազատություն խեղդողների շարքերում էին:

Այն, ինչ կատարվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, իհարկե, իր մեջ քաղաքական տարր է պարունակում: Թիրախը, սակայն, որքան հասկանում եմ, ոչ այնքան այդ հիմնադրամի շրջանակներում աշխատող լրատվամիջոցն է (որն, ի դեպ, շատ արագ կարողացավ վաստակած հեղինակություն ձեռք բերել), որքան անձամբ պարոն Օսկանյանը. ԱԱԾ-ի հետաքրքրությունը նրա նկատմամբ բորբոքվում է հատկապես տարբեր տեսակի ընտրություններից առաջ և մարում է այդ ընտրությունների որոշակի արդյունքից կախված: Իհարկե, դրա պատճառով տուժում են նաև մեր գործընկերները, սակայն լրատվամիջոցը, բարեբախտաբար, շարունակում է գործել:

Երեկ Վարդան Օսկանյանը հավաքել էր օտարերկրյա դեսպաններին և ներկայացրել «Սիվիլիթասի» հետ կապված իրավիճակը: Դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին նախկին արտգործնախարարին: Ինքնին դա, անշուշտ, դրական երևույթ է: Բայց արդյոք այդ հանդիպման ժամանակ պարոն Օսկանյանը չհիշե՞ց, թե 6 տարվա ընթացքում՝ 2002 թվականի ապրիլի 2-ից սկսած, երբ իր նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել էր եթերից «Ա1+»-ը, նա՝ որպես ԱԳ նախարար, քանի՞ դեսպանի, քանի՞ միջազգային կազմակերպության է բացատրել, որ Հայաստանում խոսքի ազատությունը չի ճնշվում, որ «Ա1 +»-ը պարզապես պարտվել է մրցույթում: Քանի՞ անգամ է նա այդպիսով արդարացրել խոսքի ազատության շատ ավելի վայրագ հարձակումը, քան իրականացվում է այսօր:

Իհարկե, մենք՝ «Ա1+»-ի աշխատակիցներս, այդքան մտերիմ չենք դեսպանների հետ և հնարավորություն չունենք նրանց հավաքելու մեր խնդիրների համար՝ մեր շրջապատն ավելի համեստ է: Բայց, ենթադրենք, Քոչարյանի օրոք մեզ հաջողվեր նման հանդիպում կազմակերպել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տոնայնությամբ դրան կանդրադառնային «ազատ, բայց պատասխանատու հեռուստաընկերությունները»՝ «հինգերորդ շարասյուն», «ազգադավ ՀՀՇ-ականների դավադրություն» և այլն: Հիմա նման հիմարություններ գրեթե չեն խոսում: Սա է տարբերությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս