Ազգային ժողովի ընտրությունները որևէ կապ չունի սրա հետ. ՀՀԿ-ական պատգամավոր
«Պահանջները, այո՛, 5 մարզպետ, չգիտեմ, նախարար, Դատախազություն… Ինչո՞ւ 5 մարզպետները, ինչո՞ւ Արդարադատության նախարարությունը և ոչ մեկ այլ նախարարություն: Եթե այս տեսանկյունից նայենք, դրանք հարցեր են, որ պիտի քննարկվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, իր կարծիքը հայտնելով մարտի 22-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հնչեցված և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված պահանջներից մի քանիսի մասին` ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավորն անհասկանալի համարեց այն, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջներ ներկայացնում կոնկրետ այդ ոլորտների վերաբերյալ` նշելով, որ, եթե կան խնդիրներ այդ ոլորտներում, ապա կարելի է փորձել վերհանել այդ խնդիրները: «Բայց որոշակի տեսադաշտում ունենալ ինչ-որ պաշտոնների խնդիր և դրանք վերցնել կամ ներկայացնել՝ որպես առաջարկություն, չեմ կարծում, որ այս փուլում այդքան էլ ճիշտ է»,- նշեց Հովհաննես Սահակյանը: Այս համատեքստում նա մեջբերեց Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված պատասխան-նամակում Սերժ Սարգսյանի այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների շուրջ «սահմանադրական կարգի, օրենսդրության խնդիր կա»:
Հիշեցնենք, որ բացի մարզպետների կամ նախարարությունների վերաբերյալ պահանջից` Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակում նախևառաջ առաջարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այս տարվա ընթացքում, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, մասնավորապես՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, և այլն: Այս կապակցությամբ` մենք հարց ուղղեցինք ՀՀԿ-ական պատգամավորին` հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը վերջին ասուլիսում, ըստ էության, բացառել էր արտահերթ որևէ ընտրության հնարավորությունը, արդյոք այժմ կգնա՞ նման զիջումների:
Ի պատասխան` Հովհաննես Սահակյանը կրկին մեջբերումներ կատարեց Սերժ Սարգսյանի խոսքերից` նշելով, որ «մենք իսկապես իրավական պետություն ենք, և կան օրենսդրական մի շարք ակտեր` ընտրական պրոցեսի վերաբերյալ»:
«Այսինքն` արտահերթ նախագահական ընտրություններ անելը, իմ կարծիքով, մի փոքր դառնում է ինքնանպատակ կամ ինչ-որ ցանկություն: Առավել ևս, Ազգային ժողովի ընտրությունները որևէ կապ չունի սրա հետ»,- ասաց Հ.Սահակյանը:
Իսկ ԱԺ մեծամասնական ընտրակարգի վերացման վերաբերյալ նա ասաց, որ ժամանակին Ընտրական օրենսգրքի բարեփոխման և նոր Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր բոյկոտեցին այդ քննարկումները և կարող էին այն ժամանակ այդ խնդիրները ներկայացնել` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական, և հնչեցրեց այդ մասին ՀՀԿ-ի հայտնի տեսակետը` «աշխարհում չկա որևէ պետություն, որտեղ 100 տոկոսով արդարացված լինի որևէ ընտրական համակարգ»:
«Առավել ևս, որ մենք ասում ենք` մենք պատրաստ ենք մեծամասնականներն աստիճանաբար նվազեցնելով` տանել դեպի համամասնական, բայց դրան զուգահեռ՝ պետք է քաղաքական թիմերը, ուժերը կայանան, քաղաքական համակարգը մեզ մոտ պետք է կայանա»,- ասաց նա: Հովհաննես Սահակյանը միաժամանակ նշեց, որ իր համար ընկալելի են Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ առաջարկները, քանի որ այնտեղ իսկապես կան խնդիրներ, սակայն այդ փոփոխությունները նա ավելի շատ դիտեց 2017 թ. կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ` կարծես օգնության կանչելով ԵԱՀԿ Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ) փորձագետների արտահայտած տեսակետը: «Բազմաթիվ խնդիրներ կան, և իսկապես կարելի է քննարկել, բայց ավելի երկարաժամկետ, որովհետև առաջիկա 4 տարում մենք չունենք համապետական ընտրություններ, իսկ նույն ԵԱՀԿ/ԺՄԻԳ փորձագիտական խումբը նշում է, որ ցանկալի է համապետական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ փոփոխությունների գնալ, ավելի արմատական փոփոխությունների: Դրա համար, կարծում եմ` ժամանակն է գնանք ընդառաջ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, ձևավորենք աշխատանքային խումբ և ավելի խորացված, աշխատանքային ձևով կատարենք այդ փոփոխությունները»,- ասաց Հ.Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն իր խոսքում նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս նախագահական ընտրություններում հավաքել է մոտ 190 հազար քվեով ավելի, քան նախորդ ընտրություններում` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և նշեց, թե «դա չի նշանակում, որ նա ԱԺ-ում պետք է ունենա 60, 30 կամ ավելի շատ թվաքանակով պատգամավորներ, որ ժողովուրդն իրեն հավատա, վստահի»:
«Րաֆֆի Հովհաննիսյանն, ի պատիվ իրեն, այսօր կարողացավ մասնակցել ընտրական պրոցեսներին (թող մյուսներն էլ մասնակցեին), կոնսոլիդացրեց ընդդիմադիր հատվածը, և տեսնում ենք, որ իր ճիշտ քաղաքականությամբ, եթե կարողանա նաև հետագայում շարունակել այդ ճիշտ քաղաքականությունը, կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր հատվածը և, ինչո՞ւ չէ, նաև դառնալ ընդդիմադիր հատվածի, այսպես ասեմ, առաջնորդը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
168.am-ի հարցին` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբեց ընդդիմությանը, ինչպե՞ս է նա այն իրացնելու, եթե նրան չի տրվում որևէ հնարավորություն, Հովհաննես Սահակյանը պատասխանեց այսպես. «Ո՞վ է ասում, որ չի տրվում: Մենք ասում ենք` պետություն ենք, պետական կառույց ենք, չի կարելի օդի մեջ նստել, ասել` սա, սա, սա՝ ինձ, մնացածը` քեզ: Ասում ենք` եկեք թուղթ ու գրիչով նստենք սեղանի շուրջ և ավելի առարկայական` կոնկրետ հարցերի, խնդիրների, պաշտոնների հետ կապված զրուցենք, քննարկենք, փոխադարձ համաձայնության, ընկալման դեպքում` գնանք առաջ»: